Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նանը ասեց.— Խի՞ չկա․ ընենց մի լավ հ’ախպուր կա, որ կշտին նստողի հոքին փառավորում ա․ վրին էլ էրկու հատ չինարի ծառ կա։

Առավոտը ախչիկն ու պառավը վե կացան գնացին հ’ախպուրը․ ճամփին բեզարել ին, հենց որ տեղ հասան, պառավն ասեց.— Բա՛լա ջան, մի քիչ զինջանանք, ես նստեմ, դու գլուխդ դի գոքս, ոտերդ էլ դի ջուրը, մի քիչ քնի։

Ախչիկն ասեց․— Լա՛վ, ես կքնեմ, զու զարթուն կաց։

Արի տես, որ պառավը ախշկանիցը թեզ քնեց։ Ախչիկը շատ էր քնե, քիչ էր քնե, էրազումը տեհավ, որ էրկու հատ աղունիկ իրար եննա խոսում ին։ Էտ աղունիկներից մեկը ասեց էն մի աղունիկին․— Ա՛յ քիր, գիդաս էս ախչիկը ո՞վ ա․ էս ախչիկը էն զադի միչի ծնված ախչիկն ա. Վարդիթերն ա. ըտրա հ’աշկերը վեզրի ախչիկն ա հանել, որ մնչանք հըմի էլ նրա ջիբումն ա, նա էլ թաքավորի տղի կնիկն ա։ Վարդիթերը քնած ա՝ թո իմանա, զարթուն ա՝ թո լսի, մեր բմբլներից մի հատ վե կքցենք, թող վեր ունի, տանի իրան մոզին պահի։ Ըտուց հետո իրա ոտների տակ բըսնող ծաղիկներից լավ-լավ դաստա շինի, դրդի ծախելու, փողով ուզեն՝ չտա, մալով ուզեն՝ չտա, ասի որ՝ հ’աշկի լսով եմ ծախըմ, հ’աշկի լիսը որ բերին, թող դնի հ’աշկերի տեղը, բմբլով էլ ախպրի ջրիցը քսի, կլավանա։

Ըտոնք թռան գնացին։

Ախչիկը վե կացավ տեհավ, որ պառավը քնած ա, ասեց.— Նա՛նի, բոլ ա քնես, հլա մի վե կաց, էտ ծառների տակին ման արի, տես բմբուլ կա վեր ընկած, բեր տո՛ւր ինձ։ Նանը վե կացավ ման էկավ, ման էկավ՝ չինարի տակիցը մի բմբուլ քթավ, բերեց տվեց ախչկանը։ Ախչիկը բմբուլը վե կալավ, գնացին տուն։

Էքսի օրը ախչիկը պառավին ասեց․— Ես ման կգամ, դո՛ւ իմ եննուցս ծաղկըները թոփ արա, դաստա արա։

Ախչիկը ման էկավ, պառավը նրա եննուցը ծաղկըները թոփ արեց, դաստա արեց։

Ետո ախչիկն ասեց․– Էտ ծաղկըները վե կալ տար ծախա, փողով կուզեն՝ չտաս, մալով կուզեն՝ չտաս, որ կասեն․ «Բա ընչո՞վ ես ծախըմ», ասա․ «Ում որ ավելի հ’աշկի լիս ունի, նրան կտամ»։

Պառավը ծաղկըները դրեց րոթնոցի մեչ, տարավ ծախելու։