— Գնա,— ասեց,— մի հատ էլ դու առ բե՛ր, պահենք, աստված թող մեզ չամանչացնի թաքավորի մոտին։
Պառավը վե կացավ գնաց։ Թաքավորը բոլոր ձիանը ցրվել էր, մի հատ ձի էր մնացել, ընենց զոռադա ձի էր։
— Դե,— ասեց,— տվեք էտ ձին էլ պառավը տանի, ես գիդամ ճամփին պըտի սատկի։
Պառավն էր՝ ձին վե կալավ բերեց, հընչել իրա տունը հասնիլը տասը տեղ նստեց էտ ձին։
— Նանի,— ասեց,— ձին բերեցի՞ր։
Ասեց․– Բերեցի։
Ասեց.— Ո՛րթի, ընչո՞վ պըտի պահենք, գարի, դարման չունենք, խոտ չունենք։
Ասեց․— Աստված մեծ ա, բա՛ ես խոտ ու դարմա՞ն էլ չեմ։ Դու գնա՛ գործիդ, ես էս ձին լավ կպահեմ։
Ախչիկը ձին առավ տարավ պահեց․ ինքը ման էր գալի, ոնների տակը անմահական ծաղիկներ էր բուսնըմ, ձին եննուցը ուտելով էթըմ էր։ Մին էրկու ամսվա մեչ ձին տռզվեց, դառավ հրեղեն ձի, աստղերի հետ հաղ էր անըմ։
Օրերի մեկ օր սկսեց թաքավորը ձիանը կիտիլը։ Սաղ կիտեցին, մնաց էտ պառավի ձին, զոռադա էր, բանի տեղ չէին դնըմ։
Թաքավորը տղին ասեց.— Ա՛յ տղա, էն մի ձին ա մնացե, էն էլ դու գնա բեր։
Թաքավորի տղեն էր՝ էկավ պառավի տունը, պառավը նստած էր իրա դռան առաչին, հարցրեց, ասեց.— Նանի՛, մեր ձին ըստի՞ ա։
Ասեց.— Ըստի ա՛, համա ձիուդ ընենց ենք չաղացրե, որ աստղների եննա հաղ ա անըմ, արի տես։
Թաքավորի տղեն մտավ նեքսը՝ ի՜նչ տեհավ, Վարդիթերը ձիու գյամիցը բռնել ա, ընկել ա աղաք՝ էթում ա, ոնների տակին փունջ մանուշակ ա բսնում, ձին էլ ուտում ա ու խրխնջում։ Թաքավորի տղեն որ տեհավ, խելքը գլխիցը թռավ, էրկուսն էլ իրար ճընանչեցին, փաթաթվեցին իրար։ Ախչիկը վեզրի արածները պատմեց թաքավորի տղին. թաքավորի տղեն ամեն բան հասկացավ։ Ըտուց հետո ետ դառավ էկավ տուն, գնաց հոր կուշտը, վեզրի արածները պատմեց։