Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնաց տեհավ, որ գլուխը կտրած, մարթ կա ոչ։

— Բա՜հ,— ասեց,— իմ ախպերը ինձ հըմար, իմ էրեխանց հըմար մատաղ էլավ, քաշկա գնացած չըլեի, օ՜ֆ, օ՜ֆ,— տվուց հ’իրա շլինքն էլ կտրեց։

— Ա՜յ հեր, մի էս ձիանը բռնա, տենեմ էտ տղեքն ի՜նչ էլան, նի մննողը դուս գալիս չի։

Կնիկը նի մտավ եկեղեցին, տեհավ էրկսի շլինքն էլ կտրված ա, լաց էլավ, լաց էլավ ու ննջաց։ Էրազին ասեցին, որ վե կենաս, սրանց գլխները տեղը դնես՝ դրանք կսաղանան։ Վե կացավ, տեքոր գլուխը դրուց մարթու գլխի տեղը, մարթու գլուխը՝ տեքոր գլխի տեղը։ Հըմի լավացան, տեքրն ասըմ ա՝ Էս իմ կնիկն ա, մարթն ասըմ ա՝ Իմ կնիկն ա, ջանըմ։ Էս ո՞ւմ պըտի հասնի, ջահել թաքավորի տղա։

Ըլեդ ղալմաղալն ընկավ էտ սինոթականների մեչը։

Սոյլամազ խանըմն ասեց.— Իմ հոր հացը ձեր պնչերքովը վե գա, որ կարըմ չեք մի կնկանը տեղավորեք։ Էտ կնիկը կհասնի գլխին, ա՜յ անխելքներ, էտ գլխի հետ ա պսակվել։

— Դու էլ կհասնես էս տղին,— ասեց Սոյլամազ խանըմի հերը. ըլեդ ձենները կտրեցին։

— Թաքավո՛ր, ես մաթալ եմ մնացել, թե իմ հորն ի՞նչ ասեմ,— ասեց սովդաքյարի հարսը։— Ես խնթրըմ եմ՝ մի թեթև առակ ասող ըլի, ես հ’անգաջ դնեմ։

— Անհամփեր թաքավորի որթի, համփերա՛,— ասեց էն մի ջառիեն ոնների տակիցը, ես մի առակ ասեմ, դու լսա՛, տե՛ս ինչ լավն ա։

«Մի խառատ, մի դերցիկ, մի տերտեր հ’իրար հետ ճանապար են էթըմ։ Գնացին մեշեն, մութն ընկավ. տերտերը հալիվոր էր, ասեց.— Իրեքս էլ որ քնենք՝ մեզ գիլանը կուտեն, էկեք սրով ղարավուլ քաշենք։

Սըֆթա ղարավուլ քաշեց խառատը։ Վե կացավ խառատը, ցախ թոփ արուց, կրակ արուց, համարյա քշերվա կեսն էր, մի հատ փետից ախչիկ շինեց, բրթեց դերցըկին, թե.— Վախտն ա՝ վե կա՛ց, ես էլ եմ մեխք։

Դերցիկը վե կացավ, կրակը թեժացրուց, տեհավ մի հատ ախչիկ կողքին կաննած ա, տեհավ փետ ա.— Հա՛,— ասեց,— խառատը հ’իրա հունարը շանց ա տվել, հա՜, դու համփերա։