Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն մի քիչ խելքից պակաս էր։

— Ա՛յ տղա, ի՞նչ ա էլել:

— Էկել են մեր ախչիկը ուզելու։

— Ո՞վ:

— Շահ-օղլի Շահաբասի տղեն։

— Հըմի ընչի՞ ես էկել, ձիդ բաց թողել։

— Էկել եմ, որ մի քանի մարթիկ տանեմ, էն տղեն վեր ունեմ բերեմ:

Թաքավորը բարկացավ տղի վրա.— Բարով բերես,— ասեց,– ձիդ տարավ՝ տարավ, ո՛չ գնա, ոչ էլ էն։

— Վախենալ մի, թաքավոր, էն ընենց տղա չէր, դու ինձ մարթիկ տուր։

Թաքուհին դուս էկավ, հարցրուց.— Էտ ի՞նչ խաբար ա։

Թե.– Շահաբասի տղեն էկել ա իմ քիրն ուզելու։

— Որ ըտենց ա, ղրգենք մեր ախչիկը հազրվի, որ տղեն գա։

Տղեն վեր կալավ տասը լավ մարթ ու գնաց դըբա էտ տղեն, առավ, պատվով բերուց տուն։

Թաքավորը շատ լավ ընթունեց էտ տղին, հարցրուց.– Ո՛րթիս, ի՞նչ ես կամենըմ, ուզա՛ տամ:

Ասեց.– Քու սաղութունը, թաքավո՛ր, հ’ուրիշ ոչինչ:

Տեղ քցեցին, տղեն գնաց օթախըմը քնեց։ Հ’առավոտը դուս էկավ, գնաց մառմար հավըղըմը հ’էրեսը լվանալու՝ թաքավորի ախչիկը փեշքիրը բերուց, քցեց տղի ձեռին։ Տղեն սրփեց հ’էրեսը, տվուց փեշքիրը ախչկանը, վե կալավ գնաց։

Ախչիկը գնաց մոր կուշտը, ասեց.— Մե՛ր, ապրեմ՝ էս տղի կշտին, մեռնեմ՝ էս տղի կշտին։

Թաքուհին գնաց թաքավորի հեննա խոսալու։

— Թաքավո՛ր, էտ տղին հարցրու, տես ընչի՞ ա էկել, բալքի ամանչըմ ա։

Թաքավորն էկավ հարցրուց տղին.– Որթի՛ ջան, խի՞ չես խոսըմ, հ’առաչի անքամը ասեցի, թե ուզածդ ուզա՛, տամ, ամանչիլ մի՛, ասա՛:

— Թաքավորն ապրած կենա, թե որ ուզըմ ես, ախչիկդ տուր ինձ, դրա հըմար էլ էկել եմ։

— Որ ըտենց ա՝ իմ թաքավորութունի հետ իմ ախչիկն էլ տվի քեզ, ինձնից ետը իմ թագավորութունը քունն ա։