Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մե՛րիկ, ախր Խոսրովը հըմի սոված մահացավ. մի մարթի որ հեր ու մեր չունենա, մի՞թե նա պետք ա սոված մահանա։

Ասեց.― Որթի, էս ղդար ղոնաղը թողալ չի ըլիլ, վեր, հաց վե կալ, տար քու մարթին։

Էտ խեղճ կնիկը վե կացավ, հաց շինեց, վե կալավ մի բղըղի մեչ սպաս ածեց, մի քթալ դրուց հացի հետ, վե կալավ տարավ։ Գնաց հասավ իրա մարթին, բերուց հացը բաց արուց, Խոսրովն ասեց.— Ա՜յ կնիկ, մի՞թե մի մարթի որ հեր ու մեր չունենա, պետք ա սոված մահանա։

Ասեց.— Խո՛սրով ջան, նստի, հաց եմ բերե, կեր, մի առարկա ասեմ:

Եկավ Խոսրովը, նստելու, գետինը ցեխ էր: Կնիկը հացը բաց արուց, տեհավ որ աման չի բերել, ասեց.— Խոսրով ջան, ախր աման չեմ բերե, ընչո՞վ պըտի ուտես էս սպասը։

Ասեց.— Ա՛յ կնիկ, բահը լվա։

Էկավ կնիկը ծունկը դրուց, գետինը ցեխ էր, Խոսրովը նստեց ծնկան վրա, կնիկը բահը լվաց, բռնեց, Խոսրովը քթալը վե կալավ, հացը առավ ձեռը, կնիկը սպասը ածեց բահի մեչ, մի էրկու քթալ կերավ, մարթ ու կնիկ ին, սկսեցին խոսալ։

Ասեց.— Դե ասա՛, ա՛յ կնիկ, տենանք ո՞վ ա ձեր ղոնաղը։

Ասեց.— Ի՞նչ ասեմ, Խո՛սրով, ոչ ըլի էտ թավուր ղոնաղը, որ մինչի հիմի դու սոված ես։

Ասեց.— Էլեդ ասա, այ կնիկ։

Ասեց.— Խոսրով, էտ ղոնաղները թաքավորն ա ղրկել, նազիր, վազիրն են, թաքավորը շատ նեղ տեղն ա, Խոսրով անունով տղին են ման գալի:

Ասելու պես Խոսրովը հ’աշկերիցը վեր ածեց, քթալը վե դրուց, ասեց.— Կնի՛կ, կշտացա, բոլ ա:

Ասեց.— Ի՞նչ կերար, որ կշտացար։

Ասեց.— Փառք քեզ աստված, աստծու կամեցողութունն էր, կատարվեց իմ երազը, էս մսե աթոռը, էս բահն էլ էրկաթե ամանը։

Կնիկը մտիկ տվուց, որ մարթը լցվեց, ուզըմ ա որ լաց ըլիլ: Ասեց.— Կնի՛կ, բավական ա ըստեղ կենալդ, վեր,— ասեց,— գնա՛, ես Խոսրով-շահն եմ:

Որ ասեց, կնիկն էլ զարմացավ։