Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անըմ, բերում ապրում, Օղուզի ախչկա անունը դրին՝ Բաղդիկ, Բարակ-շահի տղի անունը դրին՝ Տղա-Շիրին։ Բարակ-շահը սրտի ուրախութունիցը Քուրքուն-ջանլաթին մտամոռ արուց։ Տղա-Շիրինը էկավ մենձացավ, դաոավ տասը-տասնէրկու տարեկան տղա։ Օղուզի քվորտանքը իրանց ախպոր ախչկանը գողացան, դրին մի ղութու մեչ, մուշամրեցին, քցեցին ծովը։ Էտ ղութին գնաց դեմ էլավ մի ջաղացի նավի, հանեցին, բաց արին ղութին, տեհան միչին ախչիկ էրեխա ա, տարան քաղաքի թաքավորին ընձայեցին։

Թաքավորը շատ ուրախացավ էտ ախչկա վրեն, ասեց․— Պահեմ մենձանա, ուզեմ իմ տղին։

Օրերի մի օրը Բարակ-շահը հարցրուց Օղուզին.— Ո՞ւր ա Բաղդիկը։

Ասեց․— Բաղդիկը մեռել ա,— քվորտանքը հավատացրել ին, թե Բաղդիկր մեռել ա։

Տղա-Շիրինը սկսեց հոր արհեստը բանացնիլ, թվանքը վե կալավ, գնաց ավղուշ։ Ճամփին մի պառավ կնիկ ռաստ էկավ, կուժը դարտակ, տվուց պառավ կնկա կուժը ջարթեց։

Ասեց.— Ո՛րթի, խի՞ ես ջարթըմ կուժս։

Ասեց.— Դարտակ էկար առաչս։

Ասեց․— Թե նամուսով ես, գնա քու Բաղդիկդ առ, հրե Իրմեց երկրըմն ա։

Տղա-Շիրինը հանեց մի հատ իրեքանոց, տվուց պառավին, ասեց.— Գնա՛, քե հըմար կուժ առ։— Էլ գնաց ոչ ավի, ետ դառավ էկավ տուն, սկսեց լաց ըլելը։

Բարակ-շահն ասեց.— Ո՛րթիս, խի՞ ես լալի։

Ասեց․— Իմ Բաղդիկը ո՞ւր ա, պետք ա ես գնամ Բաղդիկին առնեմ։

Ասեց.— Քու Բաղդիկը մեռել ա։

Ասեց․— Ո՛չ, չի մեռել, պետք ա էթամ քթնեմ։

Մեկ օր, էրկու օր շատ լաց էլավ։ Բարակ-շահը մտիկ տվուց, որ չէ, տղի խաթրը չի կարալ առնիլ, ղաֆըլդան[1] միտքն ընկավ Քուրքուն-ջանլաթը։ Վեր կացավ, գնաց Քուրքուն-ջանլաթի կուշտը, մտիկ տվուց, որ Քուրքուն-ջանլաթը էնդար ա լաց էլել, զաբնել ա, դարձել ասեղ։

  1. Հանկարծակի (ծանոթ․ բանահավաքի)։