Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էտ էծատերն ասեց.— Ա՜յ խալխ, էս անիրավը մի քրեղան խաշ ա տվել, ուզըմ ա էս տասը, տասնըհինգ մանեթի էծը ձեռիցս առնի։

Էս ու էն բամփեցին էտ խաշ ծախողի գլխին թե.— Ամոթ չի՞, մի քրեղան խաշի հըմար ուզըմ ես էտ մարթի էծը ձեռիցը առնես։

Էտ մարթը իրա էծը վե կալավ, քշեց գնաց։ Գնաց տեհավ, հրես գաթա ծախողը գաթա ա ծախըմ։

Էլը գոռաց.— Է՜ծ եմ ծախըմ, է՜ծ եմ ծախըմ։

Էտ գաթա ծախողն ասեց.— Ի՞նչ տամ էծիդ։

Էտ մարթն ասեց.— Իմ փորով մին գաթա տուր ուտեմ՝ էծը տամ քեզ։

Գաթա ծախողն ասեց.— Որ ըտենց ա՝ արի կեր։

Էտ մարթն էկավ նստեց, գաթեն կերավ իրա փորովը մին, հ’էլավ, բերանը սրփեց, էծը քշեց, որ էթա։ Գաթա ծախողն ասեց.— Իմ էծն ո՞ւր ես տանըմ։

Ասեց.— Ի՛մ էծն ա, պըտի տանեմ։

Ասեց․— Բա գաթեն խի՞ կերար, որ էծը չես տալիս ինձ։

Ասեց.— Անիրավ, մի գաթա ես տվե կերել եմ, ուզըմ ես էս եքա [1] էծը ձեռիցս առնե՞ս։

Իրար տվին։ Խալխը թոփ էլան, ասին.— Էտ խի՞ եք կռվըմ։

Էծ ծախողն ասեց.— Տեհե՛ք էս անիրավին, մի գաթա ա տվե, կերել եմ, ուզըմ ա էս եքա էծը ձեռիցս առնի։

Էս դըհից, էն դըհից ասեցին.— Ամոթ չի՞։

Էտ մարթը էծը վե կալավ, գնաց։

Գնաց տեհավ հալվա ծախողը հալվեն գլխին դրած գոռում ա.— Ա՜յ լավ հալվա, ա՛յ լավ հալվա։

Էտ մարթն էլ ըտիան գոռաց.— Ա՜յ լավ էծ, ա՛յ լավ էծ։

Հալվա ծախողն ասեց.— Ի՞նչ տամ էծիդ։

Նա էլ ասեց.— Մի թիքա հալվա տուր ուտեմ՝ էծը տամ քեզ։

Հալվաչին ասեց.— Ա՛ռ կեր։

Էտ մարթը հալվեն կերավ, վե կացավ, որ իրա էծը վեր ունի, էթա։

Հալվա ծախողն ասեց.— Ո՞ւր ես տանըմ էծս։

Ասեց.— Քու էծը խի՞ ա, մի թիքա հալվա ես տվե, ուզըմ ես էծս ձեռիցս առնե՞ս։

  1. Մեծ (ծանոթագրությունը բանահավաքի)