Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Ինչ ուզըմ ա ըլի, ես ըտի գալ չեմ։

Հերը իլլաճը կտրվեց, հացը բերուց տղի կուշտը, տեհավ որ տղեն նստել, ֆողը քաշըմ ա կողքերքը։

Հացը կերան, պրծան.— Դե՛հ,— ասեց,— վե կա՛ց տեղիցդ, կիսատը վարենք։

Ասեց.— Դու գնա՛ քու կիսատը վարա՛. ես ըստիան վե կենալ չեմ:

Հերը գնաց կիսատը վարեց, ասեց.— Մութն ընկավ, վե կաց էթանք տուն։

Ասեց.— Էթըմ իս, գնա՛, ես գալիս չեմ։

Հերն ասեց․— Գալիս չես՝ գալ մի, գիլանը կգան քեզ կուտեն։

Թամբալը վախեցավ, ասեց.— Ափո՛ւ, հ’արի՛, հ’արի՛, բան եմ ասըմ:

Ասեց.— Ինձ խտըտա դիր ընտի, տես էս պղինձը մեչը լիքը ոսկի ա, էտ ոսկիքը քեզ ըլի, մենակ էս չորս ոսկի ղալիբը պըտի տանեմ թաքավորին տամ։ Դե՛հ,— ասեց,— գնա մեր սելը բեր, ոսկին տար տուն։

Հերը գնաց, սելը բերուց, ոսկիքը հանեց, բարձեց սելին, տղեն հ’իրա փոխանը հանեց, էտ չորս ղալիբը քցեց մեչը, գնացին տուն։ Ոսկիքը տեղավորեցին, էկան նստեցին։

Կնիկը տեհավ, որ մարթի նիաթը կախ ա, ասեց.– Ա՛յ մարթ, խի՞ ես նիաթդ կախ արել, էլ ըսօրվանից էլ լավ օ՞ր։

Ասեց.— Բա՛ ի՞նչ անեմ, չորս ոսկի ղալիբ կար, էտ մեռածը վե կալավ դրուց փոխանի մեչ, որ հ’էքուց տանի թաքավորին տա։ Որ թաքավորն էտ բանը տենի, կգա մեր ոսկիքն էլ կխլի, կտանի։

Կնիկն ասեց.— Դարդ անիլ մի, ես կհանեմ, դու վե կաց քնի։

Թամբալը քնեց, կնիկը գնաց մի կճուճ բերուց, ջարթեց, տարավ լցրուց փոխանի մեչը, ոսկու ղալիբները հանեց, տարավ պըհեց։

Հ’առավոտը թամբալը զարթնեց, շորերը անհաքնիլ, հ’էրեսը անլվա, չիփլաղ գնաց մտավ թաքավորի պալատը։

Թաքավորն ասեց.— Ի՞նչ ա, թամբալ։

Ասեց.— Քեզ հըմար փեշքաշ եմ բերել։