Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ետ դարձավ, եկավ, այն թառին տակ պառկեցավ, ուր երեք աղունիկ երևցած էին։ Թագավորի տղան կքնի ու կզարթի, կտեսնե դարձյալ երեք աղավնի ծառի վերա թառած՝ իրարմե հարցում կանեն.— Քուր, այս ո՞վ է՝ ծառի տակ կքնի։

— Այս այն ապերախտ թագավորի տղան է, որի համար Աղբեր-տղեն յուր կյանքը չխնայեց. Գըրխ սալչուն[1] յուր համար բերեց, զինք քանի-քանի անգամ մահեն ազատեց, իսկ այս ապերախտն քար դարձույց Աղբեր-տղին։

— Աղբեր-տղին մի հնար չկա՛ առողջանալու,— ասաց մի աղավնին։

— Գարտաշ օղլու առողջանալու միակ հնարն է, եթե թագավորի տղան իրեն տղան մորթե այն քարի վերան, նորա արյունով լվա, կսաղնա։

Թագավորի տղան առավոտը էկավ տուն։

Քառսուն-ծամ կհարցնե.— Ի՞նչ արիր, մի դեղ, դարման չգտա՛ր իմ աղբոր։

— Այ կի՛ն, այնպես բան կասեն, ո՞վ կարող է անել։

— Ի՞նչ կասեն, որ չեմ աներ։

— Եթե քո տղան մորթես, նորա արյունով լվաս, կսաղնա․ այդ արդյոք լինելո՞ւ բան է, մարդ կարո՞ղ է իր զավակը մորթել։

— Հարյուր տղա թող զոհվի մի Աղբեր-տղի համար։

— Այդ լինելու բան չէ․ մարդ ևս որդին կմորթե՞։

Քառսուն-ծամ կհամոզվիի, քիչ-շատ կմնան, մի օր կասե․— Թաքավորի տղա՛, այսպես չլինիր, մեր բարերարը մեր առաջև ամեն օր քարացած տեսնենք․ գնա եկեղեցին, աղոթք արա՛․ աստված մեկ օգնություն հասնի։

Թագավորի տղան կգնա եկեղեցին, բայց կասկածոտ էր, թե յուր կինը չլինի՞ մորթե յուր տղին, եկեղեցիեն շուտով դարձավ։

Թագավորի տղան մինչև տուն գալը Քառսուն-ծամ Փարին յուր տղայն մորթեց էն քարի վերան և արյունով լվաց․ Աղբեր-տղեն փռշտաց, նստավ։

Տղան ևս դարձյալ փաթութեց, դրավ օրորոցը։

Թագավորի տղան տուն եկավ, տեսավ Աղբեր-տղեն առողջացած՝ օրորոցին մոտ վազեց, տեսավ յուր տղան ևս ողջ է։

  1. Քառսուն-ծամը (ծանոթ․ կազմողի)։