Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջվալը, ձինըդ կուղարկեմ մեր արտը: Կէթանք արտը, ջվալի բերանը բաց կանեմ, կհեծնես ձինըդ և կէթաս, տերտերի հերն էլ անիծած:

Գշերը քնան, առավոտը հենց ըտենց էլ արեց: Խնամուն դրեց ջվալը, բերանը պինդ կապեց, դրեց ապլոբու[1] վրեն, եզները լծեց, քշեց դեպի արտը: Հլը նոր էր շարժվե տեղից, էն կողմից տերտերը պատահեց:

— Հա՜, օ՛րհնած, խնամին ո՞ւր ա,— ասեց նա։

— Խնամին տունն ա, տերտե՛ր ջան։

— Էտ դու ու՞ր ես էթըմ։

— Ցանք եմ էթըմ, տերտե՛ր ջան։

— Որ ցանք ես էթըմ քո սերմը օրհնել տվե՞լ ես։

— Ո՛չ, տերտեր ջան, իրիկունը կբերեմ մի ճանկ, կօրհնես։

— Լավ չի՞լլի,— ասավ տերտերը հերսոտած,— որ էդ ջվալի միչինը օրհնենք, տանես, ցանես։

— Կարելի ա, տերտե՛ր ջան, օ՛րհնի։

Տերտերն առաչացավ մե հատ երկաթե գավազան ձեռին և ըսկսեց օրհնել: Գավազանը վրա բերեց և մի հատ խփեց ջվալին.— Աստված օրհնե քո՛ ցորենը, քո՛ գարին, քո՛ աճարը, քո՛ կտավատը, քո՛ ոսպը, քո՛ նոխուտը, քո՛ լոբին…,— ասեց ու ամեն սերմին՝ մե հատ տվեց ջվալի գլխին…:

— Դե գնա՛ օրհնած, մեկը հազար ըլլի:

Տերտերը գնաց տուն, մարթը՝ դեպի արտը: Հենց արտը հասան, ջվալի բերանը հարցդեց, տեսավ՝ խեղճ խնամին կիսամեռ ա:

Հարցրեց.— Հը՛, խնամի, ո՞նց ես:

— Ա՛յ տերտերի տունը քանդվի, լավ էր, որ քուռուշնեն էլ չօրհնեց, միտը գնացեր էր, թե էն էլ օրհներ, ես կմահանեի:

Ըտուց ետը, խեղճը էլավ հեծավ ձինը, գնաց. էն գնալն ա, որ գնըմ ա:

  1. Ֆուրգունի առաջի երկու ակները (ծանոթ. բանահավաքի):