Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաքավորի ախչիկը դուս էկավ. բալկոնից կախ ընկավ, ասավ. — Ըտենց չի մորթիլը ա՛յ տղեք,— ու հրամայեց ծառաներին, որ գնան էծը մորթեն, տան իրանց:

Գնացին, մորթեցին, տվին իրանց:

Տղեքն ասին մեկ-մեկին.— Տեսե՛ք, տեսե՛ք, թաքավորի ախչըկանը տեսե՛ք:

Տղեքն ըսկսեցին էփելը. վե կալան մազոտ-մուզոտ էծը, ածեցին պղինձը:

Էլի թաքավորի ծառաները տեհան, թաքավորի ախչկանն ասին.— Արի՛, արի՛, բան տես, օյին տես, էծը մազոտ են էփըմ:

Թաքավորի ախչիկը էլի եկավ բալկոնը, իրան կախ արուց, ասեց.— Ըտե՛նց չի, ըտե՛նց չի, քերթե՛ք, մաքրե՛ք, նոր ածեք պղինձը ու էփեք:

Տղեքն ասին.– Թամա՛շա արեք, թամա՛շա, թամո՛ւզ տեհեք:

Թաքավորի ախչիկը տեհավ, որ չեն հասկանըմ, ծառաներին հրամայեց.— Գնացեք քերթե՛ք, մաքրե՛ք, թող էփեն:

Ծաառները գնացին մաքրեցին, ածեցին պղինձը, էկան:

Էս վիրուները պղինձը վեր դրին, կրակը վառեցին պղնձի էրեսիցը: Կրակը նի էլավ օթի մեչը: Ծառաները տեհան, էկան ասին.– Խանը՛մ, խանը՛մ, արի մի տես, էտ վիրուները կրակը պղնձի էրեսին են վառըմ:

Խանըմն էկավ, էլի իրեն կախ տրվուց, ասաց.– Ա՛յ վիրունիք, պղնձի տա՛կը վառեք, տա՛կը վառեք, որ էփի:

Էլի նրանք սայմիշ չարին:

Խանըմն ասեց.– Գնացե՛ք, գնացե՛ք, վիրունի են, չեն հասկանըմ, էփեք, ավեր, թող ուտեն:

Ծառաները էկան, պղինձը սարքին, կերակուրը էփեցին, պղնձով տվին իրանց, ասին.– Դե՛ տարեք, կերե՛ք:

Վիրուները վե կալան կերակուրը, տարան, որ ուտեն: Ամեքը մի էրկան փետ վե կալան, ծերը սրեցին, հուպ տվին պղնձի մեչը, ամեքը մի թիքա հանեցին փետի ծերով, ու մեկը-մեկի բերանն ա կոխըմ:

Ծառաները էկան տեհան, գնացին հավար արին խանըմին, թե.– Արի՛, արի՛, օյին տես, չեն կարըմ ուտեն:

Խանըմը էլի էկավ կախ ընկավ, տեհավ դրությունը:

Տղեքն ասին.— Տեսե՛ք, տեսե՛ք, թաքավորի ախչըկանը տեհեք: