Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էն հ՚էքսի օրը ախչիկը էկավ՝ որ զատ չկա. լաց էլավ, մղկտաց:

Մնաց իննը ամիս, իննը օր, իննը հրոպպա, էտ կնիկը ազատվեց. բերուց մի տղա:

Տղեն դառավ չորս տարեկան, մորն ասեց. — Ա՛յ մեր, ըստի խի՞ ենք կենըմ, էս սարըմը. էթանք քաղաք, աշխարք տենենք, ըստի ի՞նչ կա:

Կնիկը տղին առավ, գնաց մի քաղաք: Գնաց, քաղաքը նի մննելու պես թաքավորի նազիրը պատահեց. համա շատ աչքից շոռ մարթ էր, մեր գեղի [1] Աթաբեկն էր [2]: Ասեց.— Է՜ս ինչ լավ էլավ. հ՚ինքս ի ման գալի էս տեսակ սիրուն օղլուշաղի, հ՚ինքը հ՚իրա ոտովը էկավ:

Ասեց.— Ա՜յ հարս, հ՚արի էթանք մեր տուն:

Ընկան նազիրի քամակը, գնացին: Հաց բերին կերան, քշերը տեղ քցիլ տվուց, որ քնեն: Քշերը վե կացավ, էկավ մտավ էտ հարսի ծոցը:

Ասեց.— Վե կաց, դու իմ ախպերն ես, ամոթ ա:

— Չէ՛,— ասեց,— յա իմ կուռը կտրա, յա քու փեշը:

— Վե՛, գնա՛, վե, մարթ հաց չի տա, հացին խայանաթ թամաշ անի:

— Որ ըտենց ա՝ դու իմ քիրն ես, ես քու ախպերը, քու էրեխեն կտամ հ՚ուսումնարան, ժամանակին մի կտոր հացի տեր կըլի, ինձ օղորմի կտա:

Էտ աղի մոր ձեռին թաքավորական լենտ կար, կըպցրուց տղի հ՚ուսին, շորերը հաքցրուց, ղրկեց հ՚ուսումնարան:

Էտ տղեն ընդար ղվաթով էր, որ ինչ էրեխու բրթում էր՝ տղեն ո՛չ տալիս էր, ո՛չ առնում, ալբիալը մահանըմ էր:

Գանգատ գանգատի վրա թաքավորին էկավ, թե էտ տղեն քաղաքըմը էրեխա չթողեց՝ սըպանեց:

Թաքավորը կանչեց էտ տղին: Տեհավ՝ ջանը դող ընկավ, հ՚ինքն հ՚իրան ասեց.— Էս ջանավարը իմ քաղաքի քոքը կկտրի, հ՚արի էնենց տեղ ղրկեմ, որ էթա ետ չգա:

Կանչեց նազիրին, ասեց — Էտ քու քվոր տղին ղրկա՛ մի խուրջին անգին քար բերի, բերուց՝ բերուց, չբերուց՝ գլուխը կկտրեմ:

  1. Աշտարակի (ծանոթ․ բանահավաքի)
  2. «Մեր գեղի Աթաբեկն էր» համեմատությունը բանասացի միջամտությունն է (ծանոթ․ կազմողի)