Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ՛,— ասեց։

— Բա ի՞նչ ա էլել:

— Էն կնկանից մի տղա է էլել, էկել ա ինձ հասել, խնթրեմ ինձ բախշեք, վնաս չտաք։

— Դե՛ գնա տղիդ բե՛ր, տենենք։

Գնաց, տղին վե կալավ բերուց․ հուրիքը տեհան, շատ հավանեցին:

— Մենք մի ախպեր ունենք, օխտը տարի ա բռնված ա. որ քու տղեն էթա բերի տա մեզ, մենք քեզ էլ, հ՚իրան էլ ազատ կանենք,— ասեց մեծ հուրին։

Տղեն ասեց.— Շատ լավ, ես կէթամ կբերեմ։

Հուրիքը վե կալան էտ էրկսին տարան հ՚իրանց հոր կուշտը, ասեցին.— Հե՛ր, էս տղեն ասըմ ա թե. «Կէթամ ձեր ախպորը կբերեմ»։

— Որ բերի՝ ինչ ուզի կտամ,— ասեց հերը։

Ըտեղ քշերը կացան հեր ու տղա, հ՚առավոտը քշերով ասեց.— Մի՛ ամաչիլ, տղա, ինչ ուզըմ ես, ուզա՛։

— Թաքավորն ապրած կենա,— ասեց տղեն,— ուզըմ եմ քու ձին, քու Հազարեն ղալխանը, քու շլնքի Ջհարգար թուրը, կմննեմ քու օթախը, ինչ գուրզ որ ուժս կպատի՝ վե կունեմ, կէթամ։

Ասեց.— Լավ։

Տղեն քաշեց թաքավորի հրեղեն ձին, թևը քցեց Հազարան ղալխանը, կախեց Ջհարգար թուրը, բերուց քառասուն փթանոց գուրզը. քշեց, աստղերի հետ հաղալոն գնաց։

Գնաց մի ջաղացի թուշ էլավ. էտ ջաղացպանը քնած էր. «Վե կացնե՞մ՝ ինչ անեմ, չվեկացնեմ՝ ինչ անեմ, պետք ա վե կացնեմ»,— ասեց, ձին կապեց դռանը, ուզեց նի մտնի՝ ձին խոսաց. ասեց. «Հո՜ւր ես էթում, ա՜յ տղա, հենց կսիլլի՝ քար կդառնաս, կա՛ց, կաց տեղիցդ ձեն տու»։

Տղեն գյամը պահեց ձեռին, բղավեց.— Ուստա՛, ուստա՛.— Մեկ էլ բոռաց.— Ուստա՛։

Ասեց.— Արի տենեմ ինչ ես ասըմ:

— Ուստա՛,— ասեց,— դե դուս արի, գործ ունեմ ինձ։

— Դու մեղավոր չես, ձիդ ա մեղավոր, գամ, էլ իլլաճ չկա՛:

Ձին ասեց․— Ձախու գիհս[1] կաննի:

  1. Կողմ, (ծանոթ․ բանահավաքի)