Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չատրի դռանը, բերանը նեքսև արին. հավար քցեցին թե. — Ախպե՜ր, ախպե՜ր, մեր ապրանքը տարան, թալանեցին:

Ախպերը քնատեղիցը խըլմաժաժ[1] վե կացավ, ձեռը քցեց, թուրը չգտավ, իրան քցեց դուս, որ հավարին հասնի, չոքերը տվեց թրին, կտրեց, վեր ընկավ։

Ախպերտինքը ուրախացան ըտեղ, որ ախպերը ոչնչացավ, վե կացան առան ապրանքն էլ, ախչըկերքը, գնացին իրենց հայրենիքը։

Տղերանց մերը էկավ առաչ, բարևեց տղերանցը, ասեց. — Բա ձեր ախպերն ու՞ր ա։

Ասեցին. — Մենք ախպեր չենք տեսե, գնացինք մեր դուշմաններին սըպանեցինք, ապրանքը բերինք, ախչկերքն էլ հետը։ — Եննա էտ էրկու ախպերը էրկու ախչիկն ու ապրանքը մի բաժին դրին, էն մեկ ախչիկն էլ մի բաժին դրին։

Մենձն ասեց. — Արի՛ էս ապրանքն ու էրկու ախչիկը վե կալ քեզ, էն մի ախչիկը մնա ինձ։

Էն ասեց. — Չէ՛, դու վե կալ էրկու ախչիկն ու ապրանքը, մի ախչիկը մնա ինձ։

Խոսքերն իրար հասավ, ղոշուն կապեցին իրար վրա, որը զոռի` նա ախչիկը տանի։


Դե թող ըտոնք կռիվ անեն, մենք խաբարը կոնդից տանք։

Էտ ախպերը նստած մտածըմ էր. — Տե՛ս իմ ախպերտինքը ինձ ինչ տեղը հասցրին։

Էտ մտածելու վախտը տեհավ մի թաքավորի տղա մի մարալ առաչին, ձին ետը քցած հետածելով էկավ։ Ոտ չուներ աոաչ էթալու, իրան քսելով էկավ ճամփի վրին նստեց։ Մարալը որ էկավ առաչովը անց կենալու, թրով տվեց, վե քցեց, թաքավորի տղեն հասավ։

Հեռ՚լսողաց, ասեց. — Ղուռումսաղ, իմ մարալին խի՞ տվիր։

Ասեց. – Թաքավորի աղա, փեշքաշ ա քեզ։

Մտիկ արեց թաքավորի տղեն, որ դրա ոնները չկա, ասեց. — Մեղա ասսու, ախպե՛ր, ես սխալվեցի, որ էտ խոսքը քեզ ասեցի։ — Ասեց. — Բա դու ընչի՞ ես էտպես էլել։

Ասեց. — Արի կշտիս նստի, ասեմ։

  1. Քունը գլխին, (ծանոթ. բանահավաքի):