Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ախչիկն ասեց.— Ա՜յ քավթառ, քոմմա կերար, բա իմ ախպերտինքը ի՞նչ ուտեն։

Էտ դևի մերը ախչկանը քաշեց պլտուղը[1] ու փչեց, ախչիկը ընկավ հիլալ[2]:

Ախպերտինքը էկան իրիկունը, տեհան որ քիրը ընկել ա ծառի տակը նվըմ ա։

Կոնդ ախպերն ասեց.— Մեր քիրը վախեցել ա, չի կարացել մեզ հըմար կիրակուր պատրաստի։

Առաչի էկող թաքավորի տղեն ասեց.— Ես կմնամ իմ քվոր կուշտը, դուք էքուց ավի գնացեք։

Առավոտը լիսացավ. ախպերտինքը նստեցին ձիանքը` գնացին ավղուշ։ Էն ախպերը քվոր հետ կիրակուր պատրաստեցին: Պատրաստեցին պրծան, տեհան դևի մերն էկավ, դրանց էփած կիրակուրը էլեդ մի թիքա արեց, քաշեց իրա փորը, թաքավորի տղեն ասեց.— Ա՛յ քավթառ, քոմմա կերար, բա իմ ախպորտանցը ի՞նչ մնաց։

Պառավը դրան էլ քաշեց փորն ու փչեց։ Փչեց խեղճ տղեն էլ հիլալ ընկավ։

Իրիկունը ախպերտինքը էկան, տեհան ախպերն էլ քվոր պես ա էլե։

Կոնդն ասեց.— Իմ ախպերն էլ ա վախեցել։

Առավոտը էն մեկել ախպերը ասեց կոնդին.— Ախպե՞ր, դու մենակ գնա ավ արա՛, ես մնամ ըստոց մոտը։

Ախպերը մենակ գնաց ավ անելու, դա սկսեց կիրակուր էփիլը։ Էփեց պրծավ, դևի մերը էկավ կիրակուրը մի թիքա արեց, քաշեց բերանը։

Թաքավորի տղեն վախվըխելով ասեց.— Ա՜յ քավթառ, իմ ախպորտանցը մի թիքա էլ փայ չթողիր։

Դևի մերը դրան էլ քաշեց փորն ու փչեց։

Իրիկունը կոնդը ավից էկավ, տեհավ էտ ախպերն էլ հիլալ ա ընկել, ասեց.— Ախպերտինք, էրկսով գնացեք ավի, ես մնամ իմ քվոր կշտին, տենամ էս ինչ բան ա։

Էքսի օրը էրկու ախպերը գնացին ավ, կոնդը մնաց քվոր կշտին, բերեց կիրակուրը պատրաստեց, իրիկունը ախպորտանց գալու վախտը տեհավ դևի մերն էկավ։

  1. Բերանը (ծանոթ. բանահավաքի):
  2. Լղարեց, թուլացավ (ծանոթ. բանահավաքի):