ՀՈւՐԻ ԹԱՔԱՎՈՐԻ ԱԽՉԿԱ ՀԵՔԻԱԹԸ
Ժամանակով մի սովդաքյար կար, ուներ մի շատ լավ տղա։ Տղեն էկավ մենձացավ, կնիկը մարթին ասեց. — Ա՛յ մարթ, մեր ի՞նչն ա պակաս, որ մեր տղեն տալիս չես հ՚ուսումնարան:
— Ա՛յ կնիկ, ո՞նց բաժանենք մեր ըրեխեն մեզնից։
— Որ ըտենց ա, ա՜յ մարթ, մի պատկեր քաշող բե՛ր, պատկերը քաշի՝ տա մեզ, կդնեմ ղութին, ինչ վախտ որ միտս ընկնի՝ կհանեմ թամաշ կանեմ, կդնեմ ղութին։
Գնաց պատկեր քաշողին բերուց, տղի պատկերը քաշել տվուց, տվուց մորը, վե կալավ տղեն գնաց Հալեպ: Գնաց մի սովդաքյարի տան ղոնաղ մնաց։ Էտ սովդաքյարի հետ տղեն տարան մի լավ հ՚ուսումնարան, վարժապետն ասեց թե. — Օխտը տարուց ետը կգաս՝ տղեդ կտանես։
Սովդաքյարը ետ դառավ էկավ, ընկավ հ՚իրա սովդաքյարության հետ։ Էս քաղաքից էն քաղաք, էն քաղաքից էն քաղաք հ՚անց կացավ, քաշեց վեց տարի։ Վե կացավ էկավ հ՚իրա տունը։
Կնիկն ասեց. — Ա՜յ մարթ, մեր տղին տեհա՞ր, թե չէ։
Թե. — Չէ:
— Ա՛յ քու տունը շինվի, ճուտ կորցնողն օխտն օր ման ա գալի, բա քու սիրտը ի՞նչ ջուռա սիրտ ա, որ էս ա վեց տարի ա, գնացել չես քու տղին տեհել։
— Դե՛ գնացել չեմ, է՜լի, հըմի կէթամ։