Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դուս գալու իլլաջ չգտավ։ Վերջը պուճուր աղջկա ասածը միտն ընկավ, որ կենա ընչանք ուրբաթ օրը, էթա աղբրի կշտին նստի, նրա ասած ոչխարների ճամփեն պահի. բալի նրանցով իրան քցի Լիս աշխարք։

Ուրբաթ օրը որ էկավ, տղեն վե կացավ գնաց աղբուրը։ Մի քիչ կացավ, տեհավ իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր. էնքամ էլ սի՜րուն, էնքամ էլ նա՜խշուն, որ տենողի խելքն էր էթում։ Ջուր խմեցին պրծան, ուզում ին էթա՝ տղեն իրան քցեց, ուզեցավ Սևի վրեն ընկնի, շշկլվեց Սիպտակի վրեն ընկավ։ Սիպտակը քցեց Կարմրի վրեն, Կարմիրը՝ Սևի, Սևն էլ քցեց Մութն աշխարք։

Խեղճ տղեն էդ Մութն աշխարքումը դե՛ս ման էկավ, դե՛ն ման էկավ՝ տեղ չգտավ, որ սթար անի։ Վերջը մի պառավի ռաստ էկավ։

― Ա՛յ մերա,― ասեց,― ղոնաղ չե՞ս ուզի։

― Խի՞ չեմ ուզի, ա՛յ որդի, ղոնաղն ա՛սսունն ա։

Պառավը տղին կանչեց, տարավ տուն։ Խեղճ տղեն, էս թամամ իրեք օր, ծարավ էր։

― Ա՛յ մերա,― ասեց,― մի քիչ ջուր տա՞ս խմեմ, էս իրեք օր ա ծարավ թուք ու մուքս կպել ա։

Պառավը գնաց մի փարչ պղտոր ջուր բերեց, էնքամ պղտոր որ կասես ցեխ ըլներ։

Տղեն հարցրեց.― Մե՛րա, ձեր ջուրը խի՞ ա ըսենց պղտոր։

― Ա՛յ որդի,― ասեց,― մեր ջուրը տարեն-տասնէրկու ամիս ըսենց պղտոր ա ըլնում, մենք ըսկի պարզ ջրի էրես տե՞նում ենք որ․․․ Մեր աղբրի ակումը մի Օխտը գլխանի վիշապ ա էկե նստե, չի թողում որ ջուր գա։ Շաբաթը մի էրեխա ենք տանում տալիս Վիշապին, ուտում ա, նոր մի պուճուր ջուր ա թողում, որ ինչ ա՝ խալխը ծարավ չկոտորվեն։ Էգուց էլ թագավորի աղջկա նոբաթն ա, պտի տանեն Վիշապին տան ուտի, որ ջուրը բաց թողա։

― Ա՛յ մերա, բա չե՞ք կարում էդ Վիշապին սըպանի։

― Ա՛յ որդի, նրան ըսկի սըպանելու ճար կըլնի, սաղ երկիրը զվիր ա բերե։ Քանի հետ թագավորը սաղ իրա ղոշնովը գնացել ա վրեն կռիվ՝ բան չի կարացե անի։

Առավոտը որ լիսանում ա, տղեն տենում ա, որ հրեն թագավորի աղջկանը սև շորեր հագցրած տանում են Վիշապին տան։ Ինքն էլ թաքուն աղջկա եննուցն էթում ա։