Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խի՞ չեմ կարա,— ասում ա,— դրանից էլ հեշտ բա՜ն։

— Քեզ տենամ, հը՜, բա՛ջի, որ իմացել ես, հենց ինչ ուզես՝ կտամ:

Էս ջադուքյար պառավն ա՝ քնձրոտ-մնձրոտ, ճղված-ճոթռած շորեր ա հագնում, վե կենում, էթում դուզ Չոփչու տունը:

— Ի՞նչ բանի հմար ես էկե,— հարցնում ա Չոփչին։

— Խեղճ անտեր, անտիրական կնիկ եմ,— ասում ա,— ի՞նչ կըլնի ձեր արևի սադազին մի կտոր հաց տաք՝ պահեք. ես էլ աղաքներիդ ղուլլուղ կանեմ՝ ջուր կբերեմ, ավիլ կանեմ, մախլաս, ինչ որ ձեռիցս կգա՝ կանեմ:

— Լա՛վ,— ասում են մարդ ու կնիկ,— զաթի մընք էլ քեզ նման կնկա ինք ման գալի, որ էփի, թափի, լվանա, մեր տան բանն անի։— Վեր են ունում, վարձքի խաթեր իրանց տանը պահում:

Անց ա կենում մի վախտ, մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, էս պառավը ընե՜նց մի լավ ղուլլուղ ա անում, ընե՜նց մի ժաժ գալի, նստում, վե կենում, որ Չոփչին, իր ա կնիկը սրան շատ սիրում են. մի խոսքով, իրանց հալալ մորը էնքամ չին ուզի, ինչքամ սրան ին ուզում: Ըսենց նրանց աչքը մննելուց եդը, օրեն մի օրը, Չոփչու կնկանը որ մենակ ա քցում, կպնում ա յախեն:

— Խա՛նում ջան,— ասում ա,— քեզ ուզում եմ մի բան հարցնի, համա քաշվում եմ։

— Խի՞ ես քաշվում, ա՛լ բաջի, ասա՛. ասա՛ տենամ ի՞նչ ես ուզում:

— Խա՛նումը սազ ըլնի,— ասում ա պառավը,— ես ուզում ի հարցնեմ, տենամ՝ էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթը ձեզ որդիան ա. ինչքամ միտք եմ անում, միտք եմ անում, խելքս չի հասնում, թե ասեմ էսքամն էլ աշխատել եք, ըսկի ավատալու բան չի. ասեմ՝ գտել եք, ըտ էլ չիլնի։ Մախլա՛ս. կա՛, չկա՛՝ ըստե մի բան կա. դու արի՛, խա՛նում ջան, դրուստն ասա՛։ Ես էլ գիտաք, որ ձեր մերն եմ, չեմ էթա մեր սըռը խալխին ասի:

Չոփչու կնիկը աղաք չեմ ու չում արեց, ուզեցավ չասի, համա տեհավ, որ շատ ա դեմ ընկնում, նստեց մին-մին, տեղը-տեղին նաղլ արեց։

— Ա՛յ բաջի,— ասեց,— բա չե՞ս ասի, մեր քյասիբ վախտը, մի օր մարդս էթում ա հանդը չոփ կիտելու, ճամփին նրան մի Օձ ա ռաստ գալի. «Չոփչի աղպեր,— ասում ա,— ըտենց հո չի՞լնի,