Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդումն էլ չոփ չես թողում՝ հավաքում ես, խեղճ ղշերի ռուզղն էլ ես կտրում»։ «Ի՞նչ անեմ, Օ՛ձ աղպեր,— ասում ա մարդս,— ես էլ խեղճ եմ, անճար եմ, դրանով եմ ապրուստ անում»: «Բաս որ ըտենց ա,— ասում ա Օձը,— տո՛ւ, ինձ սըպանա. մի քիչ գլխիս դհիցը կարա՛, մի քիչ պոչիս դհիցը, մնացածը տար ձեր հայաթումը ֆորա՛, վրեն մատուռ կապա՛: Մի քանի ամսեն վրա,— ասում ա,— կգաս, կտենաս էդ մատռի միջին նռան ծառ ա դուս էկե, եքա-եքա նոներ ա տվե։ Հենց որ նուռը քաղես, տապակ անես, կտենաս մեջը լիքը ակն ու մարգարիտ, մարջան ու հազար մի ջուռա անգին քարեր: Կտանես,— ասում ա,— կծախես, մըն էլ չես գա ըստերանք չոփ կիտի»։ Մարդս էլ քաշում ա դագանակը, տալի Օձին սըպանում, մի քիչ գլխի դհիցը կտրում, մի քիչ պոչի դհիցը՝ դեն քցում, մնացածը քերում մեր հայաթումը ֆորում, վրեն էլ մի լավ մատուռ կապում: Անց կացավ մի վախտ, բա չե՞ս ասի, ա՛յ բաջի, ինչ որ Օձն ասել էր՝ մին-մին, տեղը-տեղին կատարվեց։ Հրենիկ տե՞նում ես էն մատուռը,— մատով շանց ա տալի,— նռան ծառը էդ մատռի միջին ա. վրի նռանն էլ հո՛ հալ ու հեսաբ չկա. ինչքամ քաղել ենք ծախե, քսան էնքամ էլ դեռ կենում ա: Հմի տե՞հար, ա՛յ բաջի, ո՛նց ենք հարստացե:

— Տեհա՜, խա՛նում ջան, տեհա՛, աստոծ ձեր մինը հազար անի, ո՞վ չի ուզի:

— Համա չըլնեմ-չիմանամ, ա՛յ բաջի, Էթաս սրան, նրան ասես, հա՜, թե չէ էլ մարդիս ձեռիցը չեմ պրծնի՝ մահս կտա[1]։

— Չէ՛, խա՛նում ջան, ես հո էրեխա չեմ, էթամ մեր սըռը խալխին ասեմ:

Համա ո՞րդե. հենց հեգսի օրը, ինչ որ լսել էր, փեշումը կոլոլեց, գնաց բեզրգյանին խաբար տվեց:

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասեց,— բա չե՞ս ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։— Նստեց մին-մին, տեղը-տեղին նաղլ արեց:

— Լա՛վ,— ասեց բեզրգյանը,— հմի ե՛ս գիտամ, նա՛։— Հանեց պառավին մի գոգ ոսկի տվեց՝ ճամփու դրեց։

Անց կացավ մի քանի վախտ, օրեն մի օրը, վե կացավ գնաց Չոփչու կուշտը։

  1. Տպագիր տեքստում՝ կթուրքացնի, կթողա, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։