Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կէթաս էլ եդ ձեր քաղաքը,— ասեց աստոծ,— էն բեզրգյանի հեննա մարջ կգաս: Կասես. «Արևը ո՞րդիան ա դուս գալի»: Կասի. «Հալբաթ որ է՛ս դհիցը»։ Կասես. «Չէ՛, է՛ն մի դհիցը. ուզո՞ւմ ես, արի մարջ գանք»։ Որ մարջ էկար, էն վախտը ես արևը քու ասած դհիցը կհանեմ: Մարջը կտանես, մալ ու դոլվաթդ էլ եդ կգա քու ձեռը։

— Փա՛ռքդ շատ ըլնի,— ասեց,— տե՛ր աստոծ, ոնց որ հրամայեցիր՝ ընենց էլ կէթամ կանեմ։ Էդ հո էդ: Մի ուրիշ գանգատ էլ ունեմ, ճամփին մի մեշի միջի ինձ էրկու ղաթիր ռաստ էկան։ —Ո՞ւր ես էթում,— հարցրին։ Ասեցի.— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։— Որ էթում ես,— ասեցին,— ի՞նչ կըլնի մեր դհիցն էլ գանգատ անես, էս տասը տարի՝ մեր մեջքը յարա-փարեն կոխել ա. ի՛նչ անում ենք, չենք անում՝ լավանալու ճար, իլյաճ չիլնում: Մի հարցրա՛ տես մեր ճարն ինչ պտի ըլնի:

— Ես նրանց ստեղծել եմ,— ասեց աստոծ,— որ մարդկերանցը պետքը գան, բեռ շալակեն, բան անեն, չէ թե տարեն տասնէրկու ամիս պարապ-սարապ մեջեքը չափչփեն։ Ուզում են,— ասեց,— աղաք արա՛, տա՛ր ձեր քաղաքը, վրները փալան դի, բանացրա՝ ալբիալը մեջքների յարեն կլավանա։

— Էդ հո էդ։ Էկա, էկա, էկա՝ հասա մի քաղաք. ըտե էրկու սի՜րուն, նա՜շխուն, ակն ու արեգակ աղջիկ ռաստ էկան։ Հարցրին. «Էդ ո՞ւր ես էթում»։ Ասեցի.— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։ «Որ էթում ես,— ասեցին,— ի՛նչ կըլնի, մեր դհիցն էլ գանգատ անես։ Մենք ըսենց լավ օջախից ենք, ըսենց էլ սիրուն, ոնց որ տենում ես, համա ինչ անես, մի հետ մեր բախտը կապվել ա, մնացել ենք տանը։ Մի հարցրա՛, տես մեր ախրն ի՞նչ պտի ըլնի։

— Էդ էրկու սիրուն աղջիկն էլ քո՛ւ ղսմաթն ա,— ասեց աստոծ,— վե կունես, կտանես ձեր քաղաքը, ընդե մարդի կտաս։

— Էդ էլ հո էդ,— վա բերեց Չոփչին։— Գալիս ճամփին մի անտակ ծովի ռաստ էկա. տեհա մի ղուշ էդ ծովի միջին կաննել ա, սաղ ծովը փորն ա քաշում, էլի չի կշտանում՝ ձեն ա տալի. «Ամա՜ն, ասսո՛ւ սիրուն, էրվեցի, խորովվեցի, տապակվեցի՝ մի պուտ ջո՜ւր»։ Էս ղուշն էլ իրա գանգատն արեց. «Էսքամ տարի ա, էս ծովի ջուրը սաղ փորս եմ քաշում, էլի ինձ կշտում չկա: Մի հարցրա՛ ասսուն,— ասեց,— տենանք ես ի՞նչ մեղքի տեր եմ, յա իմ ճարն ի՞նչ պտի ըլնի»։