Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրիկունը էկան, հաց կերան, քնեցին։ Էլի առավոտը վե կացան գնացին ցախի: Տղեն եգին-եգին գնաց, ցախը շըլակեց էկավ:

Էկավ հասավ պապի կուշտը, մի կտոր էդ ցախիցը տվեց պապին, ասեց.— Պահա՛, տանենք տուն:

Եբոր մտան քաղաքը, էլի Ջհուդն էկավ, ասեց.— Հարուր մանեթ տա՞մ ըսօրվա ցախիդ։

Տղեն չհավատաց, ասեց.— Իմ վրին մի՛ ծիծաղա։

Ասեց.— Էրկու հարուր մանեթ տա՞մ:

Ասեց.— Իրեք հարուր մանեթ տաս, կտամ։

Ասեց.— Տանենք տուն, իրեք հարուր մանեթ տամ։

Գնաց տուն, իրեք հարուր մանեթը առավ, էկավ իրանց տուն։

Թագավորի աղջկանն ասեց.— Ըսօրվա մի շըլակ ցախը տվեցի իրեք հարուր մանեթի։

Եբոր թագավորի աղջիկը տեհավ պապի բերած մի կտոր ցախը, ասեց.— Էս մի կտորը կաժենա հազար մանեթ։

Սրանից եղը տղեն հա՛ բերեց, հա՛ էվելի գնով ծախեց։

Եբոր հարստացան, տղեն ասեց պապին.— Պա՛պի, մի ձեռք տներ պտի շինեմ։

Ասեց.— Դո՛ւ գիտաս, ո՛րդի։

Սկսեց շինիլը։ Եբոր շինեց պրծավ, անումը գրին՝ Իգդիրա ամարաթի տերը։

Սրանք մնան ըստի, մենք խաբարը տանք էն ջուխտ աղունըկիցը:

Ջուխտ աղունիկը որ ծափ տվին գնացին, Ըռեհան թագավորի աղջիկն ին։

Մենծ աղջիկը գնաց հոր կուշտը, գանգատ արեց, ասեց.— Իգդիրա ամարաթի տերը էկավ մտավ իմ բախչեն, ցախը տարավ, քյասիբ էր, հլա ջհա՜ննամ, էկավ հավըզի կուշտը, մենք լեղանում ինք, մենք թռանք, մեր թասը վե կալավ. բա՛ էդ օրենք ա, ա՛յ հեր, որ գա հա՛մ մեր ցախը տանի, հա՛մ թասը վեր ունի, հա՛մ էլ մեր տկլոր ջանը տենա, բա՛ ամոթ չի՜:

Թագավորը բարկացավ, կանչեց իրա Թռման դևին, ասեց.— Սհաթի տասնէրկըսին Իգդիրա ամարաթի տերը քեզանից կուզեմ:

Թռման դևը վե կացավ գնաց դպա Իգդիր. էն վախտը գնաց,