Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրանց դռան միջին կաննեց։ Եբոր թագավորը էկավ անց կենալու, տեհավ հրես մի կնիկ ըտեղ կաննած ա, սիրո՜ւն, սիպտա՜կ, փմփո՜ւխ, արեգակին ասում էր՝ դու մի' դուս գա, ե՛ս դուս եմ գալի, բո՛լ ա:

Թագավորի ուշը գնաց, վեզիրը ձեն տվեց.— Ջո՜uր, հա ջո՜ւր։ Ջուր բերեցին, տվին էրեսովը. ուշն էկավ վրին: Վե կացավ, գնաց։ Եբոր հասավ իրա քաղաքը, թագավորը վեզրին ասեց.— Անպատճառ պտի բերես էն կնկանը, որ չբերես՝ ես կմեռնեմ։

Վեզիրն ասեց.— Ո՞նց բերենք, խի՞ պըտի տա, մի պատճառ պտի գտնենք, բալքի մարդին վնասենք, նո՛ր կնկանը բերենք:

Ասեց.— Ի՛նչ ուզում էս արա, կնկանը պտի բերես։ Վեզիրն ասեց.— Կանչե՛նք տղին, ասենք՝ մեր սաղ ղոշընին ու քաղաքի մարդկանց հաց տա, եբոր մեկը գանգատավոր կըլնի՝ գլուխը կտանք։

Թագավորը մարդ ղրկեց՝ կանչեց, ասեց.— Լսել եմ, շա՞տ հարուստ ես, իմ սաղ ղոշընին ու քաղաքի մարդկանցը պտի մի օր հաց տաս, թե որ չտվիր՝ գլուխդ կտա՛մ:

Տղեն ասեց.— Շա՛տ լավ, մի հինգ օր ժամանակ տվեք, էթամ տուն, գամ՝ տա՛մ։

Ժամանակ տվին, գնաց տուն։ Ըռեհան թագավորի աղջիկը դուս էկավ առաջը, ասեց.— Յա՜րաբ ի՞նչ խաբար ա։

Ասեց.— Թագավորը ուզում ա, որ ղոշընին ու քաղաքին մի օրվա միջին հաց տամ. թե որ տալու չըլնեմ՝ գլուխս կտա: Հմի դողը ջանս առել ա, թե ո՛նց պտի հազրեմ։

Ըռեհան թագավորի աղջիկն ասեց.— Դրա հմար խի՞ ես երկյուղ անում, շատ հեշտ բան ա։

Տղեն ասեց.— Ո՞նց հեշտ բան ա, ըտքան պատրաստություն տենալը հե՞շտ ա։

Աղջիկն ասեց.— Քանի՞ օր ժամանակ էս ուզե։

Ասեց.– Հինգ օր։

— Դե՛, — ասեց,— վե կաց գնա քվորս կուշտը. եբոր կհասնես հավըզի վրա, ձեն տու, քիրս դուս կգա, նրան ասա, թե. «Քիրդ պուճուր էրկանքներն ուզում ա»։

Տղեն վե կացավ գնաց հավըզի ղրաղը, ձեն տվեց.— Քե՛նի բա՛ջի, քե՛նի բա՛ջի։