Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարմար քարն էլ ա սրանց եննուցը գալի՝ սազը ձեռին դուզ մննում թագավորի պալատը։ Ո՛ր սազին չէ՜ր տալի, հեննեն հաղ ասում՝ սաղ պալատը նրա ձենը վեր էր ունում, դըմբդրմբում, զընգզընգահար գալի։ Թագավորը իրա օրումը էս թավուր աշըղ չէր տեհե, մնացել էր հայիլ-մայիլ նրա ձենին, սազ ածելուն։

— Ա՛յ հողածին,— ասում ա թագավորը,— չունքի դու էդքամ լավ սազ ածող ես, ի՞նչ ես ուզում, ասա՛ տամ. որ թագավորութու՜նիս կեսն էլ ուզես՝ կտամ, արխեյին կա՛ց:

— Թագավորը սաղ ըլնի,— ասում ա Մարմար քարը,— ըսկի զադ չեմ ուզում՝ մենակ ձախ թևիդ վրի նստած աղունիկը տո՛ւ ինձ։

Թագավորը, ասենք, չէր ուզում տա, համա ինչ աներ, մի հետ խոստացել էր. վե կալավ տվեց նրան։ Էդ ձախ թևի աղունիկը թագավորի աղջիկն էր. ո՛ր տվեց Մարմար ցարին թե չէ՝ էն սհաթը աղունիկը կորեկ էլավ, նրա ձեռիցը վեր ընկավ, Մարմար քարն էլ հավ էլավ, ուզեց կորեկը կտցի ուտի, է՛ն դհիցը Մոթալը աղվես էլավ, հավին կոխեց տակը հեղտեց, չթողաց որ ուտի: Մոթալը էլ եդ էլավ մարդ։

Թագավորը մնացել էր սառած կաննած. թէ էս ի՞նչ խաբար ա. իրա աչքի աղաքին էս ի՜նչ թավուր բաներ են ըլնում։ Նոր Մոթալը գեննիցը կորեկը վե կալավ, մոտացավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա,— ասեց,— ինձ ճանանչո՞ւմ ես, թե չէ՛. ես ձեր Մոթալ փեսեն եմ, որ գցեցիք թունդիրը՝ էրեցիք, հա՛. միտդ գա՞լիս ա։ Բա՛ ո՞ւր ա աղջիկդ, չի էրևում։

Թագավորն ասում ա.— Էս թամա՛մ օխտը տարի ա, խեղճ աղջիկս էրկաթե տրեխներ ա հագե, պողպատե գավազան ա առե ձեռը՝ քու եննուցն էկե. չենք գիտա ի՞նչ էլավ՝ ղո՛ւշ կերավ, զո՛ւրդ կերավ, ջանավա՛ր կերավ, թե ընչանք հմի սաղ ա։

Նո՛ր Մոթալը կորեկը էլ եդ աղջիկ ա շինում, ընդե կաննացնում։

Ասում ա.— Հրե՛սիկ ըս էլ ձեր. աղջիկը։

Էն սհաթը թագավորը իրա թախտիցը վեր ա գալի, Մոթալին իրա տեղը նստացնում։ Էլ ի՜նչ մատաղներ անիլ, էլ ի՜նչ աղքատների ողորմություն տալ, էլ ի՜նչ ուրախություն անիլ։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։