Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

13. ՕԽԱՅ-ԲԱԲԻ

Ժամանակով մարդ ու կնիկ են ըլնում, ունենում են մի մինուճար տղա։ Իրանք էլ շատ դառն աղքատ, անճար են ըլնում: Ասսու իրան օրը մարդը կացինը վեր ա ունում, էթում մեջեն, փետ կտրում, տանում ծախում, բերում օղլուշաղը պահում: Սրանց տղեն որ մենծանում ա, տասը-տասնէրկու տարեկան դառնում, հերը միտք ա անում տանի փեշակի տա, բալի մի զադ սարվի, մարդ դառնա, աշխատանք անի, բերի իրանց պահի։ Մերը սրան զաբուլ չիլնում:

— Ա՛յ մարդ,— ասում ա,— ի՛նչ դրա փեջակի վախտն ա, դեռ հլա պուճուր ա, Մընք էլ, տեսնում ես, քյասիբ, անճար ենք. լավ չի՞լնի տանես հեննեդ մեջեն, փետ կտրիլ սարվացնես, տղա ա, է՛լի, ինչքամ չըլնի՝ մեզ պետք կգա։

— Լա՛վ, ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— որ ռազի չես՝ փեշակի չեմ տա. կկենամ՝ ընչանք մենծանա։

Անց ա կենում մի տարի, երկու տարի, իրեք տարի, էլի հոր միտքը փոխվում ա։

Կանչում ա տղին.— Ա՛յ որդի,— ասում ա,— կուզե՞ս քեզ տանեմ փեշակի տամ։

— Խի՞ չեմ ուզի, ա՛յ հեր,— ասում ա տղեն,— համա թե ուզում ես բան սարվեմ, վերջը մի կտոր հացի տեր ըլնեմ, ինձ տա՛ր մի ուրիշ քաղաք, ընդե փեշակի տո՛ւ, որ մորս աչքիցը հեռու ըլնեմ, չգա էլ եդ վեր ունի, բերի: