Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըսենց կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի էն թագավորի երկիրը։

Դուզ կէթա թագավորի ամարաթի աղաքի խնամաքարին կնստի. թագավորի նոքարները դուս կգան էս դարվիշին կհարցնեն.— Հը՛, ի՞նչ ես ուզում, դարվիշ բաբա:

Դարվիշը կասի.— Եկել եմ թագավորի կուշտը, բան ունեմ:

Նոքարները կէթան թագավորին իմաց կտան, թե՝ ըսենց մի դարվիշ էկել ա քեզ տենա։

Թագավորը կհրամայի մի բուռ ոսկի տան, ճամփու դնեն։ Կտանեն մի բուռը ոսկի կտան դարվիշին, որ էթա։

Դարվիշը ջիբիցը կհանի էրկու բուռը կղրկի թագավորին, կասի.— Ես աղքատ չեմ, ես էկել եմ թագավորին իրան տենամ, թագավորի հեննա գործ ունեմ։

Նոքարները կէթան թագավորին կասեն դարվշի ասածները։

Թագավորը էն սհաթը կհրամայի, որ նեքսև թողան՝ գա տենա ի՛նչ ա ուզում էդ դարվիշը։

Կէթան դարվշին կբերեն թագավորի կուշտը։ Դարվիշը նեքսև կմննի խոր գլուխ կտա, ձեռները կդնի դոշին կկաննի։

— Հը՛, դարվիշ բաբա, ի՞նչ ես ուզում, խի՞ ես էկե,— հարցնում ա թագավորը։

— Զա՛դ չեմ ուզում, քու սաղո՛ւթյունն եմ ուզում,— ասում ա դարվիշը,— էկել եմ, որ քու դարդին դարման անեմ։

— Է՞հ, դարվիշ բաբա, ուզա ուզածդ տամ, թող գնա՛ քու բանին, դու ի՞նչ կարաս իմ դարդին դարման անի,— ասում ա դառը-տխուր թագավորը։

— Թագա՛վորն ապրած կենա, ես փողի կարոտ չեմ. ո՛չ էլ բանի հմար եմ էկե, հենց քու դարդի խաթեր էկել եմ դարդիդ դարման անեմ,— ասում ա դարվիշը։

— Որ ըտքան դեմ ես ընկնում, ա՛յ դարվիշ, քեզ կասեմ իմ դարդը, համա դու իմ դարդին դարման չես կարա անի։ Ա՛յ, տենո՞ւմ ես իմ ըսքան մալ ու դոլվաթը, իմ զոռբայությունը, որ ինձանից զոռբա, ինձանից հարուստ թագավոր չկա սաղ աշխարքումը, համա ի՞նչ անեմ, մի պտուղ չունեմ, որ իմ մահից եդը իմ ըսքան մալ ու դոլվաթը վայելի, իմ երկրին թագավոր ըլնի. հենց էդ դարդն ա, որ ինձ գշեր-ցերեկ էրում ա, փոթոթում,— ախ անելոն ասում ա թագավորը: