Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասսու հա՛զար բարին, ա՛յ ճամփորդ աղպեր,– ասում ա նախրչին,– մեր քաղաքի մենծ ցավն էն ա, որ մի լավ թագավոր ունենք՝ նա մինուճար մի տղա ուներ, էդ տղեն խաբլությունով մի դարվիշ տարավ, էլ եդ չբերեց. մեր թագավորը ու իրա կնիկը էնքա՜մ լաց էլան, որ էս էրկու տարի ա ջուխտն էլ լափ քոռացել են, աշխարքի լսիցը զրկվել, մեր սաղ խալխն էլ էն խեղճերի հմար դարդի մեջ ա։

Տղեն էս որ լսում ա, նախրչուն ասում ա.— Որ ըտենց ա՝ թեզ վազի խաբար տար ձեր թագավորին, ասա՛, որ տղեդ էկել ա, հմի, որդե որի ա կգա։

Նախրչին, որ էս խաբարը չի լսում, ուրախությունիցը օխտը գազ ծլունկ ա ըլնում, ընկնում էդ տղի ոնները. ուզում ա, որ աղի պես լիզի, նոր որ ուշը վրա ա գալի, վազելոն էթում ա թագավորին խաբար տանում: Դուզ էթում ա թագավորի ամարաթի դուռը ծեծում, նոքարները դուս են գալի հարցնում.— Էդ ո՞վ ա.

Նախրչին ասում ա.— Ես եմ ձեր գեղի նախրչին, ուզում եմ թագավորին թեզ տենամ, վռազ գործ ունեմ հեննեն:

Նոքարները էթում են թագավորին իմաց անում. թագավորն ասում ա.— Գնացեք կանչե՛ք, տենանք ո՞վ ա։

Նոքարները էթում են նախրչուն բերում նեքսև։

Նախրչին ա՝ ուրախ-ուրախ էթում ա թագավորին գլուխ ա տալի ասում.— Թագա՛վորն ապրած կենա, տղեդ գալիս ա, հրե մեր սնոռումը դինջանում ա։

Թագավորը էս որ չի լսում՝ ուրախանում, աշխարովը մին ա ըլնում։ Էն սհաթը հրամայում ա նախրչուն լավ–լավ փեշքաշներ տան, ճամփո դնեն. ինքն էլ իրա կնկա հեննա, պալատականների հեննա վեր ա կենում էթում տղի աղաքը։

Տղեն հորն ու մորը տենալու բաշտան վաղում ա փաթթվում նրանց ճտովը, պաչպչում. էնքա՜մ ուրախանում են, որ էլ հալ ու հեսաբ չկար: Նո՛ր էն սհաթը տղեն մեռլի Հրեշտակի տված աղլուխը հանում ա հորնումոր աչքերը սրբում ա։ Էն սհաթը սրբելու բաշտան էրկսի աչքերն էլ բացվում ա։ Եննա ջիբիցը հանում ա Հրեշտակի տված Խնձորն էլ տալիս ա հորնումորը, որ ուտեն։ Ուտում են, էրկուսն էլ հենց ուտելու բաշտան դառնամ են ջահել–ջիվան մարդ ու կնիկ: Էլ ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախության, որ էլ չեմ կարող ասի: