Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխիս վրեն տեղ ունես. Է՜, դու էն ասա՛՝ իմ քաղաքը ո՞նց ա, հավանո՞ւմ ես։

— Թագավո՛րն ապրած կենա,— ասում ա տղեն,— խոսք չունեմ, քաղաքդ շա՛տ լավ քաղաք ա, համա ափսո՛ս ըստիան մի ծանդր ֆոտ ա գալի՝ իսանի՞ ֆոտ ա, թե ջանավարի՝ չեմ գիտա։

— Քեզանից պահեմ՝ ասսանից ի՞նչ պահեմ,— ասում ա թագավորը,— մի աղջիկ ունեմ, էս թամամ երեսուն տարի տեղով, բարձով հիվանդ ա: Աշխարքումն էլ հեքիմ չմնաց, հեքիմբաշի չմնաց՝ բերինք, չկարացին լավացնի. ինչ դեղ անիլ, ի՞նչ դարման անիլ՝ ճար, իլլաճ չէլավ, ընչանք հմի էլ յորղանին քացի ա տալի: Վերջը որ շատ դեղ ու դիր արինք, տեհանք չիլնում, բերինք մի քառասուն գազանոց ֆոր քանդիլ տվինք, նրան յորղան–դոշակով տարանք դրինք ընդե, որ ֆոտը աշխար չվեր ունի. ընչանք աստոծ հալբա՛թ յա դե՛ս կկտրի, յա դե՛ն:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ես մի ընկեր ունեմ, որ աղջկանդ տենա թե չէ՝ ալբիալը կլավացնի։

— Ղո՞րթ:

— Ղո՛րթ. թե չլավացրեց՝ մեր արինը քեզ հալալ ա։

— Բա՛ս ըտենց ա, գնա՛ էս սհաթին կանչա՛ գա. Թե լավացրեց, ի՛նչ ուղենա՝ կտամ. ընչանք թագավորությունիս կեսն էլ ուզի, իմաց կաց չեմ խնայի՝ կտամ։

— Ա՛չքիս վրեն, թագավորն ապրած կենա, էթամ կանչեմ։

Էթում ա նոքարին վեր ունում, բերում թագավորի ամարաթը:

— Տղա՛,— հարցնում ա թագավորը,— իմ աղջկանը կա՞րաս լավացնի։

— Կա՛րամ, թագա՛վորն ապրած կենա, խի՞ չեմ կարա,— ասում ա նոքարը։

— Նա՛զիր-վեզի՛ր,— ձեն ա տալի թագավորը,— գնացեք էս սհաթին աղջկանս հանե՛ք, բերեք ըստե:

Նազիր-վեզիրն էթում են ֆորի բերանը բաց անում, պարանը կախ տալի, աղջկանը քաշում, հանում, բերում։

Նոքարն էթում ա աղջկա կռնիցը բռնում ա թե չէ, էն սհաթը աղջիկը տեղիցը վեր ա կենում, ընդե կաննում, սաղանում, ըլնում ոնց որ մորեն մին։ Թագավորը, նազիր-վեզիրը քոմմա մնում են մաթ էլած մտիկ անելոն։

— Տղա՛,— ասում ա թագավորը,— ուզա՛, տամ։