Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջիկը բերենք սրան կնիկ. չունքի լսել եմ՝ նրա աղջիկը շատ սիրուն, գովական աղջիկ ա:

— Լա՛վ,— ձեն տվին քոմմքով էլ,— էթանք։— Խոսքերը մին արին, վե կացան գնացին։

Գնա՛ցին, գնա՛ցին, շատն ու քիչն աստոծ գիտա, հասան Տրապիզոնա քաղաքը: Ընդիան թագավորը իրա ամարաթից մխելի հեռու վար ու ցանք ուներ, նրա նոքարները ընդե վար ին անում։ Ճաշվա էն ճռճռան շոքին, որ գութանը բաց ին թողե, Աղվեսը տարավ իրա ընկորտանցը լծեց գութանը. Գելին՝ հորի, Արջին՝ ամբոլ, ինքն էլ գութանի մաջը բռնեց։ Զմռուտ-ղուշն էլ երկնքի էրեսին թևերը բաց արած՝ կացել էր։ Թագավորի նոքարները որ եդ թամաշ արին, տեհան էս ջանավարները մի դհիցը վար են անում, մի դհիցն էլ, «Հոռովելե՜» ձեն տալի՝ լեղիները ջուր կտրեց. թողին, գնացին թագավորին իմաց արին, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց բան։

Թագավորը, նրա կնիկը, աղջիկը դուս էկան բալկոնը թամաշա՝ տենան էս ջանավարները ո՞նց ին վար անում։ Զմռուտ-ղուշը էն սհաթը բանձրից վեր էկավ, թագավորի աղջկանը վե կալավ, դրեց մեջքին ու թռավ։ Հազար ձեն տվին եննուցը թե՝ «Տարա՛վ, տարա՜վ. բռնե՛ք հա, բռնե՛ք», համա էլ ո՞ւր՝ տանողը տարավ, պրծավ։ Աղվեսը, Արջն ու Գելը տեհան, որ Զմռուտ-ղուշը աղջկանը թռցրեց, իրանք էլ թողին գութանը ու պուկ էլան։ Տարան, տարան դուզ իրանց թագավորի կշտին վե դրին։

— Թագավորի տղե՛ն ապրած կենա,— ասեցին,— քեզ հմար կնիկ ենք բերե:

Թագավորի տղեն մնաց զարմացած, թե նրանք ո՞րդիան գնացին բերին էս հուրի-փարի աղջիկը։ Նոր Աղվեսը նաղլ արեց, ո՞նց գնացին Տրապիզոն, ի՛նչ ֆանդ ու ֆելով փախցրին թագավորի աղջկանը։

— Բա՛ առանց տերտերի ո՞նց պտի անենք,— ասեց թագավորի տղեն,— չունքի մեր մեջը ադաթ կա, որ տղին ու աղջկանը տերտերը պտի պսակի, որ նոր հալալ մարդ ու կնիկ ըլնեն։

— Թե բա՛ս ըսենց ա,— ասեց Աղվեսը,— էթանք մի տեղան մի տերտեր բերենք՝ պսակի։

Չորսով վե կացան գնացին մոտիկ գեղերանցից մի տերտեր փախցրին՝ բերին նրանց պսակիլ տվին, էլ եդ բաց թողին, գնաց իրա բանին։