Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդիկը իրանը բանի տեղ չեն դնում, ուշը-մտքները քցել են քվոր վրա։ Էդ կնանիքը բախլեցին էդ աղջկանը, ուզեցան մի հնար անեն, որ աղջիկը աղպորտանց աչքիցն ընկնի։

Գնացին մի պառավի մոտ, ասեցին.— Պառա՛վ, քեզ կդնենք ղանթարի մի թայը, ոսկին կլցնենք մի թայը, մի հնար արա՛, էս աղջկանը քցենք իրա աղպորտանց աչքիցը:

Պառավն ասեց.— Գնացե՛ք, թագավորի տղերանցը իրեք հատ քյահլան ձի ունեն՝ գոմումը կապած, քարը վե կալեք, տվեք մեկի ոտը կոտրեք, դուք էլ նոթներդ կիտեք նստեք, ո՛նչ կիրակուր էփեք, ո՛նչ էլ տուն սրբեք, նոթներդ կկիտեք կնստեք։ Կգան բարով կտան, բարովը չեք առնի։ Ընդոնք կհարցնեն, թե. «Ի՞նչ ա էլե, մեր բարովը չեք առնում»։ Ընդե դուք ասեք. «Դուք էլ չըլնեք, ձեր քիրն էլ. ընքան էրես եք տվե, որ չենք կարում մի բան ասի։ Ասեցինք՝ էրեխեն ջուրա ուզում, փառչը լցրա տո՛ւ, նա ինադ արեց, քարը վե կալավ, գնաց մտավ գոմը, տվեց քյահլան ձիու ոտը կոտրեց»։ Դրանով էլ էդ աղջիկը աղպորտանց աչքիցը կընկնի։

Կնանիքը եդ դառան տուն, գնացին քարը վե կալան, գնացին գոմը, տվեցին ձիու ոտը կոտրեցին, եդ դառան տուն, իրերով էլ նոթները կիտեցին նստեցին, ո՛նչ տուն սրբեցին, ո՛նչ կիրակուր էփեցին։

Իրիկունը մարդիկն էկան տուն, տեհան, որ կնանիքը նոթները կիտած նստած են: Բարով տվեցին, բարովները չառան կնանիքը։

Տղեքը հարցրին.— Էդ ի՞նչ խաբար ա, որ ո՛նչ կիրակուր էք էփե, ո՛նչ տուն եք սրբե, բարով ենք տալի, մեր բարովն էլ չեք առնում, ի՞նչ ա էլե, ասե՛ք, տենանք։

Կնանիքը վե կալան ասեցին.— Ո՛նչ դուք ըլնեք, ո՛նչ ձեր քիրը. չենք կարում մի բան ասի, ասեցինք. «Վե կաց էրեխեն ջուր ա ուզում, ջուր տո՛ւ», ինադ արեց, վե կացավ, քարը վե կալավ, տվեց ձեր քյահլան ձիու ոտը կոտրեց, վե քցեց գոմի միջին։

Աղպերտինքն ասեցին.— Մի՛ ձի չի՜, տասը ձի էլ նրան ղուրբան ա։

Կնանոնց սիրտը պատռեց, առավոտը լիսը բացվեց, էլի վե կացան, իրեքն էլ գնացին պառավի մոտն, ասեցին.— Պառա՛վ, չէլա՜վ, հունար ունես՝ խարջա՛[1]:

  1. Գործ դիր (Ծ. Բ.):