Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պառավն ասեց.— Վե կացեք, գնացեք թունդիրը վառե՛ք, մեկիդ էրեխեն քցեք թունդիրը վառեց, էլի նոթներդ կկիտեք կնստեք. իրիկունը ձեր մարդիկը որ կգան տուն՝ էլի բարով կտան, չեք առնի, էլի կիրակուր չեք էփի, ո՛նչ էլ տուն կսրբեք:

Եդ դառան կնանիքը էկան տուն, թունդիրը վառեցին, էրեխուն քցեցին թունդիրը վառեցին, իրանք գնացին, նոթները կիտեցին նստեցին։

Իրիկունը մարդիկն էկան տուն, տեհան էլի ո՛նչ տուն սրբած, ո՛նչ կիրակուր էփած։ Բարով տվին, բարովները չառան։

Ասեցին.— Էս ի՞նչ ա էլե, էս էրկու օր ա դուք ըսենց եք անում։

Ասեցին.— Ո՛նչ դուք ըլնեք, ո՛նչ ձեր քիրը, ասինք. «Պղինձը ջուր լցրա տո՛ւ, դնենք թունդրի վրա բան էփենք», նա վե կալավ էրեխուն, քցեց թունդիրը՝ վառեց:

Աղպերտինքն ասեցին.— Տասը էրեխա էլ մեր քվորը ղուրբան ա:

Հաց կերան, քնեցին։ Էգսի առավոտը էլի մարդիկը գնացին ավի, կնանիքը վե կացան գնացին պառավի մոտը:

Ասեցին.— Պառա՛վ, ճար ունես՝ տե՛ս, ըդով էլ չէլավ, մենք կմեռնենք։

Պառավն ասեց.— Էլ ուրիշ հնար չկա. կէթաք իրեք հատ աղի բաղարջ կթխեք, էս պուճուր օձն էլ կտամ ձեզ, կտանեք կքցեք փարչի մեջը, աղի բաղարջը կտաք իրիկունը կուտի, կքնի, կծարավի, ջուր կուզի՝ ջուրը կտաք, կխմի, օձը կէթա փորը, կմենծանա, կճուտակալի, փորը կուռի, ըդով էլ իրա աղպորտանց աչքիցը կընկնի։

Կնանիքը եդ դառան էկան տուն, իրեք հատ աղի բաղարջ թխեցին։ Իրիկունը մարդիկն էկան տուն, նստեցին հաց ուտելու, իրեք հատ աղի բաղարջը դրեցին աղջկա առաջը՝ կերավ։ Հացը կերան պրծան, վեկացան քնեցին։ Կնանիքը տարան փարչը ջուր լցրին, օձը քցեցին մեջը, տարան դրեցին աղջկա կուշտը։

Գշերվա մի վախտը աղջիկը զարթնեց, աղպորտանցը ձեն տվեց, թե.— Ծարավ եմ, մի քիչ ջուր տվեք ինձ։

Աղպերտինքը ձեն տվեցին կնանոցը, թե.— Մեկդ վե կացեք, ջուր տվե՛ք քվորս: