Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանից անց էր կացե։ Աղպոր ձեռները վե կալավ ու դը՜ռնե դուս։ Գժվածի նման քուչա-քուչա ընկած ման էր գալի:

Վերջը սրան մի մոլլա ռաստ էկավ. հարցրեր.— Խի՞ ես լաց ըլնում։

Քիրը նաղլ արեց, ինչ որ գլխովը անց էր կացե:

— Բա՛ն չկա, ո՛րդի,— ասեց մոլլեն,— մի լաց ըլնի. էդ ձեռները տար դի մի պատի ճղակ՝ վրեն ջուր ածա, աղպերդ էլ եդ կսաղանա։

Քիրը ըսենց էլ անում ա. վեր ա ունում տանում մի պատի ճղակում ֆորում, վրեն ջուր ածում թե չէ՝ էն սհաթը աղպերը սաղանում ա, ծիտ ըլնում՝ թռնում: Էս ծիտն ա՝ թռնում ա էթում, դուքանե դուքան ման դալի, հետը ասում.

«Ծիտիկ եմ, ծիտմիտիկ եմ,
Հոր մորթած եմ,
Մոր կերած եմ,
Աղիղ[1] քվոր լացած եմ»:

Ո՛րը մի թոփ ասեղ ա տալի, ո՛րը մի թոփ քորոց, ո՛րը մի բաղդադի աղլուխ, մախլաս, ո՛վ ինչ ուզում ա։ Ըսենց հավաքելոն թռնում ա էթում իրանց երդկի գլխին նստում, ասում ա.— Հե՛րիկ, մե՛րիկ. մի վեր մտիկ ա՞նեք:

Հենց որ հերն ու մերը դպա երդիկն են մտիկ անում թե չէ՝ տղեն ամեն մեկի աչքը մի-մի թոփ ասեղ ա ցցում, աչքները քոռացնում։

Եննա քվորն ա ձեն տալի.— Քո՛ւրիկ, քո՛ւրիկ. մի վեր մտիկ ա՞նես։

Քիրը գլուխը բանձրացնում ա թե չէ՝ մի բաղդադի աղլուխ էլ նրա գլխին ա քցում։

  1. Տպագիր տեքստում՝ անուշ, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։