Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իմա՛ցանք, թագա՛վորն ապրած կենա,— ասում են նոքարները, – ո՛նց կքնենք. հո մեր գլխիցը ձեռը չենք վե կալե:

Ասպարավորվում են, յարաղ, ասպար կապում, բեզրգյանի դուքանի բալանիքն առնում, էթում դուքանի դուռը բաց անում, ճրագ վառում, նստում: Բեզրգյանի կնիկն էլ դուքանի միջին քնած ա ըլնում։

— Բա՛ ո՞նց անենք,— ասում ա պուճուր աղպերը,— որ քններս չտանի։

— Էլ ուրիշ ճար չկա,— ասում ա մենծ աղպերը,— արի՛ հեքաթ ասենք, բալի քններս փախնի:

— Լա՛վ, ասենք։ Դե բաս ըտենց ա՝ աղաք դու ասա, եննա ես։

— Որ հեքաթի տեղակ իմ գլխով անցկացածը նաղլ անեմ՝ չի՞լնի։

— Խի՞ չիլնի: Ընենց արա՛, որ չքնենք՝ նրանից դենը դո՛ւ գիտաս, ի՛նչ ուզում ես՝ ասա՛։

Բեզրգյանի կնիկը սրանց ձենիցը զարթնում ա, համա վախլությունիցը ձեն-ծպտոն չի հանում․ խեղճը հենց իմանում ա գողեր են, ասում ա. «Տենամ ի՞նչ են մասլահաթ անում», տեղի միջին տաղ ա անում, մնում։

— Դե՛ անկաջ դի, ասում եմ,— ձեն տվեց մենծ աղպերը։

— Ասա՛, անկաջ եմ դնում։

— Ես,— ասեց մենծ աղպերը,— ֆլա՛ն թագավորի տղեն եմ։ Օրեն մի օրը մի դարվիշ էկավ հորս ամարաթը, խաբլությունով հորս ձեռիցը թագավորությունը խլեց, մեզ ընդիան դուս արեց։ Խեղճ հերս ի՛նչ արեց, չարեց էլ չկարաց թագավորությունը եդ առնի. ճարը կտրած, իմ ու պուճուր աղպորս կուռը բռնեց, մենք դեռ հլա էրեխեք ինք, մորս հեննա դուս էկավ ղարբություն, որ մի աշխատանքի տուտ բռնի, մեր գլուխը պահի։ Էկանք, էկանք, էկանք, շատն ու քիչն աստոծ ա խաբար, մի չոլ, յաբանի տեղ գշերը վրա հասավ։ Գնացինք թիթեն-միթեն կիտեցինք, բերինք կրակ արինք՝ ընդե գշերը կացանք։ Հաց-մաց կերանք, պրծանք, թեք ընկանք՝ քնեցինք։ Հենց աչքներս նոր ինք կպցրե բիրդան հեռվից զնգզնգոցի ձեն ընկավ անկաջներս: Ետ մտիկ արինք, տեհանք մի բեզրգյան իրա քարվանով, քոչ ու բարխանով էկավ, մեզնից մի մանգղիլ հեռու վեր էկավ, ընդե չադիր տվեց: Վրիցը մի սհաթ չանցկացավ, մըն էլ տեհանք էդ բեզրգյանի նոքարներն էկան, թե