Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ա՛յ հարա՜յ,— ասում ա,— նրանք էնքամ էլան՝ էսթավուր իսան շինեցին. բա՛ ես էլ չկարե՞նամ սրան ֆոգի տա, որ էսքամ սուրբ տերտեր եմ»։ Էս մեր տերտերն ա՝ էն ցուրտ ղիամաթին չոքում ա՝ ասսուն աղոթք անում, աղոթք անում. էնքա՛մ աղոթք ա անում, որ աստոծ լսում ա նրա ձենը՝ էս փետե մարդին ֆոգի ա տալի։ Ըլնում ա ղորթմանց մարդ, հենները խոսում, զրից անում. մախլասի՝ թամամ մարդ։ Դու արի տես հմի էս իրերով իրար հեննա ղալմաղալ են քցում. խառադն ասում ա. «Էս մարդը ինձ կհասնի, չունքի ես գնացի մեշիցը փետ կտրեցի, բերի շինեցի»։ Դերձիկն ասում ա. «Չէ՛, ինձ կհասնի. չունքի ե՛ս նրա հմար շոր կարեցի՝ հագցրի. թե չէ հմի ցրտու դի՛ք չորացել էր»։ Տերտերն էլ ասում ա. «Հազի՛ր ինձ կհասնի. ես որ չչոքեի, ասսուն աղոթք չանեի, նրան ո՞վ ֆոգի կտար. դարդակ փետե մարդը որ ֆոգի չունենար՝ ընչի՞ էր պետք»։ Թագավորն ապրած կենա․ հմի էն մարդը ո՞րին կհասնի։

— Հալբա՛թ որ խառաղին. որ քոմմքից աղաք նա միտք արեց, բերեց փետից մարդ շինեց։

— Նաղիր-վեզիր, ո՞ւմ կհասնի։

— Հալբա՛թ որ դերձկին. որ նրա հմար շորեր կարեց՝ ցրտից պրծացրեց։

Թագավորի աղջկա սիրտը էլ չի դիմանամ, էն դհիցը ձեն ա տալի.— Տո՛ ձեր դատաստանը քանդվի, ո՞րդիան նրանց կհասնի. տերտերը որ չըլներ, էն փետե մարդին ո՞վ ֆոգի տալ կտար. հազի՛ր տերտերին կհասնի՞։

— Թե որ նա տերտերին կհասնի,— ասում ա Արաբը,— բա՛ս դու էլ ի՛նձ կհասնես։

Թագավորը, նրա նաղիր-վեզիրը էլի մնում են զարմացած, թե ո՞նց Արաբը էս էրկու հետ աղջկանը խոսացրեց։

— Մնա՛ց մի հետ,— ասում ա թագավորը,— թե խոսացրիր. հո խոսացրիր՝ աղջիկս քունն ա. թե չէ՝ գլուխդ պտի ֆը՜ռռա։

— Լա՛վ, թագավորն ապրած կենա,— ասում ա Արաբը,— թո՛ղ ըտենց ըլնի։

Արաբը գալիս ա տուն, աղպոր հմար կերակուր հազրում։ Հացի վախտը աղպերը գալիս ա՝ հաց են ուտում։ Համա դեռ ընչանք հմի նրան զադ չի ասում։