Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նստել եմ,– կասի Լագլագը,– որ ըստե քաղաք դառնա, ես էլ միջին մենծ ըլնեմ։

— Թահո՜ւ,— կասի տղեն,— ա՜չք պտի, որ տենա էդ չոլ, յաբանի տեղը քաղաք դառնա, որ դու էլ էդ քաղաքի միջին մենծ ըլնես։– Կասի, կտա, կանց կենա։

Կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, գշեր-ցերեկ կէթա, մի օր, էրկու օր, մախլասի՝ մի շաբաթ կհասնի մի գեղ: Կտենա, հրես հանդումը, մի տղա իրա մորը մի եզան հեննա լծել ա գութանիցը, վար ա անում:

Մեր ու տղա էս տղին որ կտենան, ամոթու չեն իմանա ի՛նչ անեն:

— Բար'աջողում,— կասի տղեն դրանց։

— Բա՛րով, ասսու հազար բարին,— կասեն։— Էդ ո՞ւր է էթում,— կհարցնեն։

— Էթում եմ Ֆալաքի կուշտը,— կասի տղեն։

— Որ էթում ես Ֆալաքի կուշտը՝ ի՛նչ կըլնի իմ գանգատն է.– տեղ հասցնես։ Ես,— կասի,— մի խեղճ ռըշպար մարդ եմ, Ֆալաքին իմ տեղակ աղաչանք արա՝ յա թող ինձ մի եզն էլ տա, որ կարենամ գութան լծեմ, վար անեմ, յա թե չէ էս մի եզն էլ թող առնի, որ իմ մորը ըսենց չչարչարեմ։

— Ի՛նչ պտի ըլնի,— կասի տղեն,— քու դարտը Ֆալաքին կասեմ։— Կասի, կտա, կանց կենա։

Կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի մի ուրիշ ծովի ղրաղ. կտենա մի մարդ էդ ծովի մեջտեղը նստել ա։

— Տղա՛, ո՞ւր ես էթում,— կհարցնի էդ մարդը։

— Էթում եմ Ֆալաքի կուշտը,— կասի տղեն։

— Տղա՛,— կասի էն մարդը,— որ էթում ես, գիտա՞ս, որ ըստե աշխարքի վերջն ա, արևի դուս գալու վախտը ամեն բան հալում ա. մե՛ղք ես, ջահել-ջիվան ես, ինձանից քեզ ամանաթ՝ արևի դուս գալու վախտը գետինը փորա, միջին տափ կաց, որ չհալես. եր մեր կմննի, նո՛ր դուս արի, գնա քու ճամփեն։ Ֆալաքն էլ հրեն հա՜ էն սարի փեշին ա։

Էս տղեն ա՝ ոնց որ էն մարդը ասել էր, ընենց էլ կանի. արևի դուս գալու վախտը կբերի գետինը կփորի, կմննի մեջը, կկենա ընչանք արևը մեր կմննի, նոր ընդիան դուս կգա, կէթա իրա ճամփեն։