Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առավոտը աղպերը որ էթում ա իրա բանին, Արաբն էլ վեր ա կենում գալի թագավորի խնամաքարի վրա նստում։

Թագավորը դուս ա գալի, Արաբին կանչում՝ տանում աղջկա օթախը։

Արաբը օթախի մեջը դե՛սն ա մտիկ տալի, դե՛նն ա մտիկ տալի՝ տենում օթախը լափ դարտակ ա. ըսկի զադ չկա, որ բերի հեննեն խոսա։ Էթում ա թագավորի աղջկա քարգահը բերում դնում աղաքը՝ հեննեն զրից անում։

— Ախար բարո՛վ, քարգա աղպե՛ր, բո՞լ չի բանես, մի քիչ էլ դինջացի, մե՛ղք ես։

— Է՛հ, ինչ դինջանամ, Արաբ աղպեր. տարեն-տասնէրկու ամիս իմ բան ու փեշակը հա էս ա, հա՛ էս, հո նոր չի։

— Լա՛վ. բաս մի հեքաթ, բան չե՞ս գիտա, ասես՝ անկաջ դնենք։

― Չէ՛, Ա՛րաբ աղպեր. ես ի՛նչ հեքաթ իմանամ, թե դու գիտաս՝ ասա։

— Լա՛վ, ուզում ես՝ ասեմ. համա պտի լա՛վ անկաջ դնես, հա՛։

— Ասա՛, անկաջ կդնեմ. ասա՛, տենանք։

Արաբն ասում ա.— Ըլնում ա չիլնում մի թագավոր. էս թագավորը մի հուրի-մալաք, սիրուն աղջիկ ա ունենում։ Էս աղջկանը հա՛մ թագավորի նազրի տղեն ա սիրած ըլնում, հա՛մ վեզրի տղեն, հա՛մ էլ նրա սինոթապետի տղեն։ Հմի թագավորը չի իմանում՝ ո՞րին տա։ Համա ըս էլ պտի ասեմ, որ նրա աղջկանը քոմմքից աղաք վեզրի տղեն էր սիրե։ Թագավորն ապրած կենա, քու խելքով աղջիկը ո՞րին կհասնի։

— Հալբա՛թ որ թագավորի սինոթապետի տղին,— ասում ա թագավորը։

— Նազի՛ր-վեզի՛ր, աղջիկը ո՞ւմ կհասնի։

— Հալբա՛թ որ թագավորի սինոթապետի տղին։

Թագավորի աղջիկը էս հետ էլ չի դիմանում, ընդիան ձեն ա տալի.― Տո՛ ձեր դատաստանը քանդվի. աղջիկը խի՞ պտի սինոթապետի տղին հասնի. հազի՛ր վեզրի տղին կհասնի, որ քոմմքից աղաք իրար հեննա խոսք ու զրից են ունեցե, իրար սիրե։

— Որ նա նրա՛ն կհասնի,— ասում ա Արաբը,— բա՛ս դու էլ ի՛նձ կհասնես։