Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն էլ որ դառնում ա տասը-տասնէրկու տարեկան, ասում են. «Տանենք մի փեշակի տանք»։ Դրան աղաք են անում, տանում բազար՝ է՛ս փեշաքյարի կուշտը, է՛ն փեշաքյարի կուշտը, դե՛ս են էթում, դե՛ն են էթում, մախլաս, որ շատ ման են գալի, ծանդր ու թեթև են անում, տալիս են թագավորի զարգյարի կուշտը աշկերտ:

Էս տղեն ա՝ առավոտները գշերով-գշերհանա վեր ա կենում էթում զարգյարի դուրանը, իրիկները՝ մըղրըրը կոխելիս թողում ա գալի տուն։

Ըսենք անց ա կենում մի վախտ՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, մախլասի՝ մի ամիս, օրեն մի օրը թագավորը կանչում ա էդ զարգյարին իրա կուշտը։ Զարգյարը գալիս ա թագավորին գլուխ տալի, ընդե կաննում:

— Ո՛ւստա,— ասում ա թագավորը,— առ էս տասը ոսկին ու էս էրկու անգին քարը. կտանես ինձ հմար էրկու լավ մատանիք կշինես, կբերես. մի շաբաթ էլ քեզ վադա եմ տալի:

— Աչքիս վրա,— ասում ա զարգյարը:

Թագավորին գլուխ ա տալի, ոսկիքն ու անգին քարերը վեր ունում, դուս գալի:

Էթում ա դուքան, ոսկիքն ու անգին քարերը գնում դաղգյահի վրեն, աշկերտին թամբահ ա անում, որ մուղաթ կենա ու ինքը վե կենում, էթում տուն, ասում ա. «Հաց ուտեմ պրծնեմ, եննա կգամ կշինեմ: Լա՛վ»:

Էս աշկերտն ա՝ ուստեն ոտը շեմքիցը դուս ա գնում թե չէ՝ գլուխը գնում ա դազգյահին, անսաս քնում:

Սատանական հենց էդ վախտը թագավորը իրա նազիր-վեզրի հեննա դարվշի դեյմ մտած, գալիս ա ըտերանք ման գալու՝ տևնա ի՛նչ կա, ի՛նչ չկա՛: Էդ զարգյարի դուքանի կշտովը անցկենալիս, վարավուրդ ա անում, տենում աշկերտը քնել ա, իրա տված ոսկիքն ու անգին քարերն էլ հրեն դազգյահի վրեն։ Թագավորը էս որ տենում ա, ուսուլով, ոտի մանների վրա մննում ա նեքսև, ա՛ռ հա դրան մի լա՛վ սիլլա: Տալիս ա ու դուս գալի ծըլկվում:

Աշկերտը վախլությունիցը վեր ա թռնում, տենում մարդ չկա։

— Ա՛յ անաստոծ,— ասում ա,— խի՞ չիր թողում իմ մուրազին հասնեի. ի՞նչ ասեմ, ինձ սիլլա տվող, ոնց որ դու մուրազս փորիս թողիր, բարով դու էլ քու մուրազին չհասնես։