Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարավաշները թագավորին որ խաբար բերին, թե՝ աղջիկդ ըսենց ա ասում, խեղճը մնաց գլխի վրեն մոլորած: Ի՛նչ աներ, ի՛նչ չաներ. ո՛ւմ կանչեր, որ կարենար իրա դարտին դարման անի: Միտք ա անում, միտք ա անում, վերջը հրամայում ա՝ էթան էլի զարգյարի աշկերտին կանչեն: Էթում են ֆորիցը հանում, բերում թագավորի կուշտը։ Տղեն թագավորին գլուխ ա տալի, էն գիհը կաննում:

— Տղա՛,— ասում ա,— Ֆրանգստունի թագավորը հմի էլ ըսենց մի զուլում ա ապսպարե. տե՛ս կարա՛ս գտնի:

— Խի՞ չեմ կարա, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— դրանից էլ հեշտ բան: Համա, թագա՛վորն ապրած կենա, ես էլ քեզանից մի բան պտի ուզեմ. չեմ գիտա՝ կտա՞ս, թե չէ:

— Ուզա՛,— ասում ա թագավորը,— մի՛ վախի, սաղ թագավորությունս էլ ուզես, չեմ խնայի՝ կտամ։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— լսել եմ մի սի՜րուն, մի նա՜շխուն, մի հուրի֊մալաք աղջիկ ունես, որ Ֆրանգստունի թագավորի ուզածը գտնեմ, էդ աղջիկն էլ ինձ տա՞լիս ես։

— Տալիս եմ,— ասում ա թագավորը,— մորդ կաթի նման քեզ հալալ ա։

— Տա՞լիս ես։

— Տալիս եմ,— ասում ա թագավորը։

— Բաս որ ըտենց ա,— ասում ա տղեն,— Ֆրանգստունի թագավորի ուզածն էլ ջուխտ աչքիս վրեն։

Էգսի օրը, լիսանում ա թե չէ, տղեն իբրուղը տաք ջուր ա լցնում, մի ձեռին բռնում, լագանն էլ մեկել ձեռն ա առնում, փեշկիրն էլ ուսովը քցում, գալի հաշտումը կաննում: Թագավորի ղոնաղները վեր են կենում տեղներիցը, դուս գալի հաշտը, որ էրեսները լվանան, տղեն աղաք ա գալի, մին-մին ձեռներին ջուր ածում։ Ով որ տաքին չի դիմանում, ձեռը քաշում ա «օֆ֊օ՛ֆ» անում, նրան ջոկ օթախ ա անում. ով որ չէ, տաքին դիմանում ա, թողում ա ընդե: Ըսենց քոմմքի ձեռին ջուր ա ածում, իրարից ջոկում, եննա կանչում ա Ֆրանգստունի թագավորի մարդկերանցը:

— Է՛կեք,— ասում ա,— տեհեք դրո՞ւստ եմ ջոկե, թե չէ:

Ֆրանգստունի թագավորի մարդիկը գալիս են տենում՝ դրուստ ա ջոկե. մնում են մաթ էլած էս տղի խելքի վրեն: