Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցկենալիս, թագավորի աղջիկը դրան վարավուրդ արեց. գլուխը փանջարիցը հանեց, տղի հեննա խոսաց:

— Ֆլա՛ն իմաստուն տղեն դո՛ւ ես,— հարցրեց աղջիկը:

— Հա՛, ես եմ, թագա՛վորի աղջիկը սաղ ըլնի,— ասեց տղեն:

Տղեն որ գլուխը չի բանձրացնում, մտիկ տալի, տենում ա ի՞նչ, մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենց նրա գյուլջամալին թամաշ անես, էնքա՜մ մի սիրունիկ զադ էր: Դրան որ չի տենում, խելքամաղ ա ըլնում, մնում։

— Բա խի՞ ես ըտենց դառը-տխուր,— հարցրեց աղջիկը:

— Ի՛նչ անեմ, տխուր չըլնեմ,— ասեց տղեն,— հերդ ինձ մի պողպատի կտոր ա տվե, որ իրա հմար մի ձեռք շոր կարեմ. չկարեցի՝ պտի գլուխս կտրիլ տա։ Հմի մնացել եմ մոլորած, չեմ իմանում ի՛նչ անեմ, ի՛նչ չանեմ:

— Տղա՛,— ասեց աղջիկը,— մի՛ վախի, ես ընենց կանեմ, որ քու մի մազն էլա չի թեքվի: Կէթաս,— ասեց,— աղլուխդ լիքը ավաղ կլցնես, կտանես հորս կուշտը, կասես. «Թագավորն ապրած կենա, էս ավազիցը թել մանիլ տու, որ քու ուզած մի ձեռք շորը կարեմ»: Որ կասի. «Ախար ավազիցը թել կմանվի՜»: Կասես. «Ավազիցը որ թել չի մանվի, բա պողպատիցը շոր կկարվի՞»:

Տղեն էս որ լսում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում, էն սհաթն էթում ա աղլուխը լիքը ավազ լցնում, եդ գալի թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում:

— Հը՛, տղա՛,— հարցնում ա թագավորը,— խի՞ եդ էկար:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— էս ավազը բերել եմ՝ մանիլ տաս, որ քու ուզած շորը սրանով կարեմ։

Թագավորը մնում ա սառած, տղի էրեսին մտիկ անելոն:

— Հը՛, թագա՛վորն ապրած կենա,— վրա ա բերում տղեն,— խի՞ ես ըտենց էրկեն ու բարակ միտք անում։

— Ո՛նց միտք չանեմ,— ասում ա թագավորը,— ըսկի էդ ըլնելու բա՜ն ա, որ ասում ես։ Ավազիցը թել կմանվի՞։

— Ավազիցը որ թել չի մանվի,— ասում ա տղեն,— բա պողպատիցը շոր կկարվի՞։

Թագավորը տղի խելոք ջուղաբը որ լսում ա.— Տղա՛,— ասում ա,— դու տարար. աղջիկս մորդ կաթի նման քեզ հալալ ա, գնա քու արևի ձե՛նն ածա: