Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էն սհաթը բերեց աղջիկը տվեց տղին, աղջկա հեննա լավ բաժինք դրեց, լավ մալ ու դոլվաթով, լավ֊լավ փեշքաշներով ճամփու դրեց իրա երկիրը։

Տղա, աղջիկ ճամփի թադարեք տեհան, բեռները բարձեցին, գնացին թագավորի ձեռը պաչեցին, թագավորի կնկա ծիծը պաչեցին, ընկան ճամփա։

Էս տղեն ա՝ էկավ, էկավ, էկավ, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասավ իրանց երկիրը։

Խաբարը տարան թագավորին, թե.— Հրեն փեսեդ եքա քոչ ու բարխանով գալիս ա, հեննեն էլ մի սի՜րուն, մի նա՜շխուն, մի հուրի֊մալաք աղջիկ, որ տենողի խելք ա էթում։

Թագավորը մենծ ղոշուն ա վեր ունում, իրա նազիր֊վեզրի հեննա դուս գալի փեսի աղաքը: Թագավորն ու տղեն իրար որ տենում են, ուրախանում, աշխարով մին են ըլնում. իրար հեննա վեր են կենում, գալի թագավորի ամարաթը։ Նո՛ր ըստե ասում են, խոսում, մասլահաթ անում, տղեն իրա գլխով անցկացածն ա նաղլ անում, նրանք իրանց. ըսենց ուրախանում են, խնդում, ծիծաղում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ընչանք օրս իմ էրազը չի ասում, համա հմի պտի ասեմ:

— Ասա՛,— ասում ա թագավորը, — ասա՛ տենամ էդ ի՞նչ էրազ էր, որ ի՛նչ արի, չարի, ի՛նչ Հուդի չարչարանք տվի՝ չասեցիր։

— Էրաղում,— ասում ա,— տեհա մի լավ գյուլլի բաղում նստած եմ։ Տեհա էդ բաղի միջիցը էրկու սի՜րուն, նա՜շխուն, հուրիմալաք աղջիկ դուս էկան ու դուզ՝ դպա ինձ: Դրանցից մինը քու աղջիկն էր, մեկելը՝ Ֆրանգստունի թագավորի աղջիկը: Էդ էրկու աղջիկը որ էկան իմ կուշտը, մինը մի ծնկանս նստեց, մինը՝ մեկել ծնկանս։ Դե ջահել տղա, ջահել աղջկեք, սիրտս չհամբերեց, ձեռս գցեցի Ֆրանգստունի թագավորի աղջկա ճտովը, ջուխտ թուշը ղայիմ պաչեցի, եղ դառա, որ քու աղջկա թուշն էլ պաչեմ, մըն էլ էն տեհա, շըրը՜փ. մի սիլլա էրեսիս։ Մուրազս փորիս վե թռա, տեհա՝ ո՛նչ թաս կա, ո՛նչ համամ։ Ես էլ, թագա՛վորն ապրած կենա, դրա հմար ասեցի. «Ինձ սիլլա տվող, ոնց որ իմ մուրազը փորիս թողիր, բարով դու էլ քու մուրազին չհասնես»։ Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— հրես էս էր իմ տեհած էրազը, որ ի՛նչ-