Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինձ ճանա՞նչում ես,— ասում ա Արաբը,— թագավո՛րի ցեղ. ես էն Ոսկե ձուկն եմ, որ չղըմշեցիր մորթես, որ ինչ ա՝ հորդ աչքերը լավանա, էլ եդ քցեցիր ծովը։ Իմ խաթեր՝ հերդ քեզ սուրգյուն արեց, տանիցը դուս արեց։ Էս որ իմացա, ես էլ ծովի միջիցը դուս էկա, էլա Արաբ, որ քու արած լավությունի տակիցը դուս գամ, ձեռիցս էկած լավությունն էլ ե՛ս քեզ անեմ։ Հրես ա՛ռ. էսքա՛մ փողն էլ քեզ, է՛ս աղջիկն էլ քեզ. ես էս ա էթում եմ էլ եդ ծովը, աստոծ շնորհավո՛ր անի. աստոծ էրկսիդ մի բա՛րձի ծերացնի։ Իմ փարիցն էլ քեզ մի հատ կտամ, տար հորդ աչքերին քսա՝ էն սհաթը կբացվի։

Արաբը էն սհաթը ըլնում ա էլի աղաքվա Ոսկե ձուկը։ Իրա փարիցը մի հատ պոկում ա՝ տալի թագավորի տղին, մնաս բարով անում հեննեն, էթում ընկնում էլ եդ ծովը։

Թագավորի տղեն բեռները կապում ա, ընկնում ճամփա՝ դպա իրանց երկիրը։ Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա հոր քաղաքը։ Տենում ա, որ դեռ հլա էն Լողմա հեքիմը հոր աչքերի վրա չարչարվում ա։ Էն սհաթը հանում ա Ոսկե ձկան փարեն, քսում հոր աչքերին թե չէ՝ ա՛լբիալը բացվում ա։

Թագավորը իրա թախտիցը վեր ա գալի, տղին նստացնում։ Բերում ա աղջկանն էլ տղի հետ պսակում՝ օ՛խտն օր, օ՛խտը գշեր հարսանիք անում։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։