Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

28. ՄԱԽՈԽԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի մարդ կար, դրան ուներ իրեք աղջիկ՝ իրեքն էլ հասած: Օրվա մեկ օրը էդ մարդը վե կացավ, ուզում էր էթա քաղաք աղջկերանց հմար բան առնելու։ Վե կալավ աղջկերանցը հարցրեց, ասեց.— Ի՞նչ եք ուզում, որ քաղաքիցը բերեմ։

— Մինթանա բե՛ ինձ հմար, ոննաման բե՛,— ասեց մենծը։

Միջնեկ աղջիկն էլ ասեց.— Ինձ հմար աղլուխ բե՛, յազմա բե՛։

Պուճուր աղջիկն ասեց.— Ա՛յ հեր, ես զադ չե՛մ ուզում քեզանից, թե բերում ես, մի մարգարտե շապիկ բե՛ ինձ հմար։

Հերն ասեց.— Ա՛յ որդի, ո՞րդիան գտնեմ մարգարտե շապիկ։

— Դե՛,— ասեց,— ա՛յ հեր, էդ ա իմ ուզածը, կըլնի՝ կբերես, չիլնի՝ զադ չե՛մ ուզում քեզանից։

Էդ մարդը վե կացավ գնաց քաղաք, ինչ որ էն էրկու աղջկերանց ուզածն էր՝ առավ, էդ պուճուր աղջկա ուզածը ո՛րդի ման էկավ՝ չգտավ։

Շատ ման գալուց եդը, մի մարդ ընդիան ձեն տվեց.— Ա՛յ մարդ,— ասեց,— ընչի՞ ես ման գալի ըդքան քաղաքի մեջը։

Ասեց.— Ի՞նչ անեմ, աղպեր ջա՛ն, իրեք աղջիկ ունեմ ինձ, գալիս ի քաղաքը, հարցրի. «Ի՞նչ եք ուզում ձեզ հմար բերեմ», մեկը մինթանա ուզեց, մեկը՝ աղլուխ, յաղմա, դրանց ուզածները գտել եմ, առել, էն պուճուրը մարգարտե շապիկ ուզեց, չեմ կարում գտնի։