Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեցին.— Էդ անիրավը մեզ բռնել ա քցե ըստեղ, հրեսի մի կողմը չամիչ ա, մի կողմը բադամի մեջ ա, մի կողմը պնդուկ ա, ուտում ենք, իրա հմար բանում, ինքն էլ տանում ա ծախում։

Ասեց.— Ա՛յ տղեք, որ ըստիան ձեզ ազատեմ, ինձ հմար կա՞րաք ընենց մի ղութի շինի, որ ո՛նչ ջուր քաշի, ո՛նչ էլ բացվի:

Տղեքն ասեցին.— Շա՛տ լավ, մեր բանն ա։

— Դե՛ որ ըտենց ա, մի ձեռք էլ ինձ հմար զառբաբից բնենց շորեր կարեք, որ աշխարքի մեջ չճարվի։

Ասեց ու գնաց։ Մի օրվա միջին հա՛մ շորերը կտրեցին, հա՛մ ղութին շինեցին։ Բերին տվին էդ աղջկանը։ Էդ աղջիկը իրա հմար ուտելիք էր հազրե՝ դրեց ղութու մեջը, ինքն էլ մտավ ղութին.— Դե՛,— ասեց,— էս բալանըքները ձեզ, ինչ կուզեք՝ արե՛ք, էս քոմմա կարողությունը ձե՛զ:

Ինքը մտավ ղութին, դուռը նեքսևից շինեց.— Դե՛հ,— ասեց,— ինձ տարեք քցեք ծովի մեջը։

Աղջկանը տարան քցեցին ծովը, իրանք էկան տուն տեղ քարուքանդ արեցին ու տարան։

Էդ ղութին ո՛ր քցեցին ծովը, ծովը տարավ: Տարավ հանեց մի թագավորանիստ քաղաք: Ըտեղ ավազի վրա բանդ էլավ ղութին։

Թագավորի տղեն իրա նազիր-վեզրովը էկավ ծովի ղրաղը ման գալու:

Տեհավ հրես մի ղութի բանդ էլած, ասեց.— Նազի՛ր-վեզի՛ր, մի լեղվոր բերեք՝ էս ղութին հանի, մալ ըլնի, դոլվաթ ըլնի՝ ձե՛զ, թե իսան ըլնի՝ ի՛նձ։

Լեղվոր բերեցին, լեղվորն ընկավ ծովը, գնաց ղութին բերեց։

Ղութին հանեց ղրաղը. ի՜նչ հնար արեցին՝ չբացվեց: Աղջիկը նեքսեիցը բաց արեց, ղութին բաց անելուն քիմի թագավորի տղի աչքն առավ աղջկանը՝ խելքը գլխիցը թռավ։

— Հե՜յ վա՜խ,— ասեց,— ըսենց էլ սիրուն աղջիկ կըլնի՞, իմը կա՝ սա՛ ա, չկա՝ սա՛ ա։

Վե կալան տարան էդ աղջիկը թագավորի ամարաթը, խաբար տարան տղի հորը։

— Աչքդ լի՛ս, տղեդ ծովիցը մի աղջիկ ա հանե:

Հերն էկավ, տեհավ, որ շատ աննման, սիրուն ա։

Տղեն ասեց.— Ա՛յ հեր, իմը կա՝ սա՛ ա, չկա՝ սա՛ ա, որ երկնքից վեր էկած լիսեղեն աղջիկ ըլնի՝ պետքը չի՛։