Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորը բերեց օխտն օր, օխտը գշեր հարսանիք արեց, իրա տղի հետ պսակեց։

Սալողը տանք էն մարդիցը:

Էս մարդն էկավ տեհավ ո՛նչ մալ, ո՛նչ դոլվաթ, ո՛նչ կնիկ, ո՛նչ տուն ու տեղ. քար ու քանդ արած, թալանած, տարած բիրադի։

Ասեց.— Լա՛վ, կնի՛կ, դու իմ ջանին վա՛յ տաս, տե՛ս քու գլուխը ի՞նչ կհանեմ։

Էդ մարդը սեհրբաղ էր, քյանդրբազություն սարքեց։ Ընկավ գեղից-գեղ, քաղաքե-քաղաք, մանգալոն, մանդալոն գնաց դուս էկավ էն քաղաքը, որտեղ որ կնիկը ընտեղ ա։ Տարավ պարանը կապեց թագավորի ամարաթի աղաքին ու սկսեց հազալ։ Ընենց օյըններ էր հանում, սաղ էդ ժողովուրդը ծիծաղու թիլանում ին։ Համա էդ մարդի աչքը է՛ս կնկա էրեսին էր, է՛ն կնկա էրեսին էր, իրա կնկանն էր ման գալի։

Թագավորի տղեն գնաց նեքսև, ասեց.— Ա՛յ կնիկ, դու էլ դուս արի, տես՝ ի՜նչ թավուր քյանդրբազ ա։

Կնիկն ասեց.— Ես չեմ սիրում քյանդրբազ հաղալը, ես շատ եմ տեհե։

Մարդը շատ զոռեց, կնիկը դուս էկավ բալկոնը թամաշ արեց էդ քյանդրբազին, տեհավ, որ իրա մարդն ա։ Էդ քյանդրբազը ընենց օյըններ հանեգ, էդ կնիկը բիրդան ծիծաղաց, որ ծիծաղաց մարդի աչքն առավ էրծաթե ատամներին, ճանանչեց, որ իրա կնիկն ա։ Էն հրոպպեին պարանիցը վեր էկավ, քանդ ու քար արեց, տարավ պահեց ըտոնք: Էկավ մութն ընկավ, ընենց մի գիր արեց, որ իսանները բիրադի քնեցին, շները քնեցին, հավերը քնեցին, վերջը ո՛նչ մի անասուն չմնաց զարթուն, մնացին էդ կնիկն ու մարդը զարթուն։ Եդո ընենց արեց, որ քաղաքի մեջ ո՛նչ մի ճրագ վառ չմնաց, բիրադի հանգավ։

Էդ մարդը էկավ էդ կնկա մոտը, ասեց.— Հըմի էլ ո՞ւր պտի փախնես իմ ձեռիցը։

Էդ կնիկը գնաց իրա մարդի միսը ճմկըթեց՝ չզարթնեց, ի՛նչ արեց՝ չզարթնեց, ուզեցավ ճրագ վառի՝ չվառվեց, շիվարեց, մնաց:

Մարդն ասեց.— Արի՛, արի՛, քու վերջի օրն ա, զուր դե՛ս ու դե՛ն մի ընկնի։ Արի՛, էն մենծ պղինձը բե՛։