Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղջիկը ճարը կտրած գնաց պղինձը վե կալավ, բերեց։

Ասեց.— Դի՛ օջաղի վրա, ջուրը լցրա՛, տակը վառա՛, որ քեզ սաղ֊սաղ պտի կոխեմ պղինձը, խաշեմ։

Ասեց.— Դու քու աստոծը, էլ ճար չունեմ, ի՛նչ ուզում ես՝ արա՛։ Մենակ թող մի էթամ դրսև, վերջի աղոթքս անեմ, գա՛մ։

Ասեց.— Գնա՛, ո՛ւր ուզում ես, իմ ձեռիցն էլ չես ազատվի։

Աղջիկը նիլլավ կտուրը, տեհավ հեռու մի ճրագի լիս ա էրևում, սաղ քաղաքը մութը կոխել ա։

Վեր Էկավ կտրիցն ու վազեց դպա էդ ճրագի լիսը։

Գնաց տեհավ, որ հրես մի դևի կնիկ նստել ա, աջու ծիծը ձախ ուսն ա քցե, ձախու ծիծը աջ ուսն ա քցե, մի փութ էլ արճիճ քցել ա բերանը՝ ծամում ա, հետն էլ հաց ա թխում։ Աղջիկը հասավ, քամակիցը ծծերը առավ բերանը՝ ծծեց։

Պառավը եդ թամաշ արեց, տեհավ մի հողածին, ասեց.— Ա՛յ աղջի, ղուշն ըրա թևովը, օձն իրա պորտովը ըստեղարենք չի էկե, դու ո՞նց ես էկե:

Ասեց.— Նա՛նի, վիրև՝ աստված, ներքև՝ դու, ճարս մնաց քեզ. մարդս ըսենց անիրավ ա, պղինձը ջուր ա լցրե, էփացրե, որ ինձ ճխտի մեջը, էփի:

— Է՜, — ասեց,— էն անիրավը հլա կա՞, էն իմ աղպերն ա. ա՛յ որդի,— ասեց,— ի՞նչ կտաս, որ քեզ ազատեմ էդ անիրավիցը։

Ասեց.— Ի՞նչ որ լեզուդ պըտըտի՝ կտա՛մ։

Ասեց.– Էդ փորինդ կտա՞ս ինձ։

Ասեց.— Աստված միջնորդ ըլնի, դու ինձ ազատես էս անիրավիցը, տղա էլ ըլնի՝ տա՛մ քեզ, աղջիկն էլ ըլնի՝ տա՛մ քեզ:

Ասեց.— Դե՛, որդի, գնա՛, նա գիր ա արե քցե ժամի կտուրը՝ ո՛նչ բնողը ղարթնի, ո՛նչ շուն հաչա, ո՛նչ էլ ճրագը վառվի, գնա՛ ժամի կտուրը, ման արի՛, էդ թուխտը քթի բե ներքև ճղա՝ լիսը կբացվի, մարդիրը կզարթնեն, շները կհաչան:

Էդ աղջիկը էթում ա նիլնում ժամի կտուրը, ձեռները ափլփորելոն գիրը դանում ա, վեր ա բերում, ճղում ա: Որ ճղում ա՝ լիսը բացվում ա, մարդիկ վեր են կենում, աքլորները կանչում են, շները հաչում։ Էդ կնիկը վազում ա տուն, տենում ա, որ իրա մարդը զարթնել ա, էն մարդն էլ չկա:

Մարդն ասում ա.— Ա՛յ կնիկ, էդ ի՞նչ ա էլե քեզ։

— Քու տունը չքանդվի՛, վե կա՛ց, էթանք տե՛ս։