Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թող Քոսեն էթա, գանք խաբար տանք թագավորի տղիցը:

Էս տղեն ա՝ էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի սառը, քչքչան աղբրի ա ռաստ գալի։ «Ա՛րի,— ասում ա,— էս աղբրի կշտին նստեմ, մի քիչ հաց-մաց ուտեմ, դինջանամ, նոր վե կենամ ընկնեմ ճամփա»։

Էդ աղբրի ղրաղին նստում ա, բերում ա դաստախունը բաց անում, որ հաց ուտի։ Էն հավի մսիցը ուտում ա, ուտում ա, ուտում ա, ընչանք ճնաղը որ ուտում ա, տենում ա, ըհը՛, ճնաղի արանքին մի ժանգոտած Մատանիք: Վեր ա ունում, դնում մատը։ Դնելու բաշտան տենում ա էրկու արաբ, հրես էկան աղաքին կաննեցին։

— Հ՛ը. ի՞նչ ես հրամայում, թագա՛վորի ցեղ,— ասեցին արաբները։

Թագավորի տղեն մնաց արմացած, թե էս ի՛նչ բան ա, էս արաբները ո՞րդիան դուս էկան, ըտե ցցվեցին. մի վախտ մնաց շշմած, գլխի վրեն մոլորած, համա բիրդան որ ուշը վրա էկավ[1], ասեց.— Ինձ տա՛րեք ֆլա՛ն թագավորի երկիրը։

Էն սհաթը արաբները տղին վե կալան, դրին ուսների վրեն՝ յա՜լլա, տարան որդե ասել էր, ընդե վե դրեցին, թողին գնացին։ Էդ տղեն էր՝ գնաց, գնաց՝ տեհավ, հրեն մի գեղ ա էրևում, զաթի մութն էլ գետինը կոխել էր, ասեց. «Էթամ տենամ էն գեղումը ի՛նչ կա, ի՛նչ չկա»:

Ճամփա ընկավ դպա էն գեղը։ Հասավ էն գեղը, մի քուչա բռնեց, դուզ գնաց։ Գնաց, գնաց, տեհավ՝ հրեն մի պառավ կնիկ քուչի դռանը նստած թեշին ձեռին թել ա մանում։

— Բա՛րով, նա՛նի,— ասում ա թագավորի տղեն։

— Ա՛սսու բարին,— ա՛յ որդի,— ասում ա պառավը,— էս բևախտին ո՞ւր ես էթում[2],– հարցնում ա։

— Եսի՛մ, նա՛նի, ղարիբ, անտեր տղա եմ, էթում եմ էլի: Նա՛նի, ինձ տղա չե՞ս շինի,— հարցնում ա թագավորի տղեն։

— Խի՞ չեմ շինի,— ասում ա պառավը,— զաթի ես էլ տղա չունեմ, հրես պառավել եմ, մինը չունեմ, որ պահքի ինձ, մուղաթ կենա, նեղ օրին հավարիս հասնի, մատիցս փուշ հանի։

  1. Գրառման ձեռագրում՝ խելքը գլուխն էկավ. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  2. Գրառման ձեռագրում՝ որդիա՞ն ես գալի ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։