Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանեք, իրա ամարաթներն էլ շալակեք տարեք էդ ցամաքի վրեն վե դրեք, որ մենք էրկսով նրանց միջին ապրենք։

Է՜հ, արաբների ձեռին էս հո դժար բան չէր: Ալբիալը թագավորի տղի ամարաթները վեր են ունում, տանում ծովի միջի ցամաքի վրեն վե դնում, Քոսին ու նրա կնկանը տանում էդ ամարաթների միջին նստացնում, թագավորի տղին ու պառավին էլ վե բերում Քոսի դուքանի միջին վե դնում ու թողում էթում իրանց բանին։

Թագավորի տղեն մի վախտ աչքը բաց ա անում, ի՜նչ տենում՝ պառավի հեննա Քոսի դուքանի միջին, թագավորի աղջիկն էլ կըշտին չի։

Ալբիալը գլխի ա ընկնում, թե բանը ընչումն ա. շատ ա գլխին վա՛յ տալի, լաց ըլնում՝ էլ ո՞ւր, բանը բանից անց էր կացե։

— Նա՛նի,— կասի թագավորի տղեն,— սրանից դենը իմ ապրիլը հարամ ա. դու ըստե կա՛ց, ես էթամ երկրե-երկիր, աշխարե֊աշխար ման գամ, բալի մի ճար անեմ, իմ ինադը Քոսից հանեմ, նո՛ր որ սիրտս դնջանա։ Սաղ եդ էկա՝ էլի մեր ու տղա ենք, թե չէ հո՝ աստոծ քեզ հետ։

Ճամփի թադարեք կտենա, պառավի ձեռը կպաչի, իրա Կատուն վե կունի, կընկնի ճամփա։ Կէթա, կէթա, կէթա, մի օր, էրկու օր, իրեք օր, չորս օր, մախլասի՝ մի շաբաթ, կհասնի մի գեղ, մութը գետինը կկոխի։ Կմննի էդ գեղը, մի տան դուռ կծեծի։ Տանտերը կգա, դուռը բաց կանի:

— Ո՞վ ես,— կհարցնի տանտերը,— էս բեվախտին ո՞ւր ես էթում։

— Ճամփորդ եմ,— կասի թագավորի տղեն,— չի՞լնի էս գշեր տեղ տաք՝ քնեմ, առավոտը էնբաշտեն էլի վե կենամ, էթամ իմ բանին։

— Խի՞ չիլնի, ղոնաղն ասսուն ա,— կասի տանտերը ու նրան աղաք կանի, կտանի նեքսև։

Կբերեն դոշակ կքցեն, ղոնաղին վրեն կնստացնեն։ Մի քիչ վախտ կանցկենա, կբերեն հաց կքցեն, մի դաստա էլ դագանակ կբերեն. ամենքին մի-մի դագանակ կտան, մեծն էլ կտան ղոնաղին։ Թագավորի տղեն շատ կզարմանա էս բանի վրեն, կհարցնի.— Է՞ս ինչ բան ա, էս դագանակները խի՞ եք բերե։