Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստեց սելը՝ քշեց: Ըստիան ընչանք թագավորի երկիրը, որ վեց ամսեն ճամփա էր, դևերը մի ամսում էկան:

Խաբարը տարան թագավորին, որ Արջի քոթոթը գալիս ա: Թագավորը մնաց շվարած, թե էլի պտի գա, իրան գարգավարամ անի: Էն սհաթը հրամայեց էն ջադուքյար պառավին քյալլա անեն, որ սուտ դուս էկավ, Արջի քոթոթին էնթավուր տեղ ղրկիլ տվեց, որ էլ եդ էկավ:

Արջի քոթոթը բերեց սելերը դարդկեց թագավորի ամարաթի աղաքին: Դևերին ըստիան ճամփու դրեց իրանց տեղը, ինքը գնաց թագավորին ասեց, որ իրա ուզած հարիր սել ցախը բերել ա։ Թագավորը երեսհանգ իրան ընենց էր շանց տալի, սաքի թե նրա ցախ բերելու վրա ուրախ ա. համա սրտովը, ո՛վ գիտա, ինչթավուր բաներ ին անցկենում:

Թագավորը կանչիլ ա տալի մի ուրիշ ջադուքյար կնիկ, հարցնում, թե Էնթավուր տեղ չի՞ գիտա, որ Արջի քոթոթին ղրկեն՝ էլ եդ չգա:

Պառավն ասում ա.— Ֆրանգստունի թագավորը մի սիրուն աղջիկ ունի, նրան քեզ հմար բերիլ տու. ընդե էթացողը ոտով-գլխով էլ եդ չի գա։

Թագավորը պառավին անկաջ արեց. կանչեց Արջի քոթոթին, ասեց, որ պտի էթա Ֆրանգստուն, ընդիան թագավորի աղջիկը իրան կնիկ բերի։

Արջի քոթոթն ասեց.— Լա՛վ, ջուխտ աչքիս վրա, թագավորն ապրած կենա։

Առավոտը որ լիսը բացվեց թե չէ, Արջի քոթոթը ճամփա ընկավ դպա Ֆրանգստուն։ Գնա՛ց, գնա՛ց, շատն ու քիչը աստոծ գիտա, տեհավ մի մարդ ամեն մի ոտիցը մի եքա ջաղացաքար ա կապե ու ընենց ա եգին վազ տալի[1], որ ալափստրակը փախչելիս տեղը՝ եննուցը հասնում ա, կալնում։ Էս մարդը Արջի քոթոթին որ տեհավ, հարցրեց.— Քոթո՛թ աղպեր, էդ ո՞ւր էս էթում։

— Էթում եմ Ֆրանգստուն. ընդիան թագավորի աղջիկը մեր թագավորի հմար կնիկ բերեմ։

  1. Տպագիր տեքստում՝ «ընենց եգին վազ ա տալի, որ․․․», բանահավաքը փոխել և դարձրել է՝ «ընենց եգին վազում ա, որ․․․», ժողովրդական ոճը չաղավաղելու համար թողնում ենք տեքստում տպագրված ձևը՝ մասնակի ուղղմամբ (Ծ. Կ.):