Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

33. ԻՐԵՔ ԱՂՊՐՏԻՆՔ

Կըլնի, չիլնի մի թագավոր: Էս թագավորի երկրումը մի գիժ կնիկ կար՝ ուներ իրեք տղա. նրանցից մինը ոըշպաը էր, մինը՝ կատեպան, մեկելը՝ ջուլհակ։ Մի տարի էս թագավորի երկիրը սով ընկավ. սո՛վ, էն թավուր սո՛վ, որ իմ միս կտրողին ռաստ չգա. մի կտոր հացի հմար հազար գլուխ ին ջարդում, ըն էլ ձեռ չէր ընկնում։ Մի օր, չեմ գիտա ոնց էլավ, թագավորի ուղտը կորավ։ Էս գիժ կնկա տղեքը տեհան թե չէ՝ բռնեցին, տարան տուն։ Գիտային, որ իրանց մերը գիժ ա, կէթա թագավորին խաբար կտա՝ բերին նրան հարսի շորեր հագցրին, լաչակ քցեցին էրեսին, տարան տան պուճախումը կաննացրին։

— Նա՛նի,— ասեցին,— քեզ պտի թազադան պսակենք, էս ուղտն էլ քու հարսանքի ուղտն ա, մորթում ենք, որ հարսանքավորի հմար կերակուր էփենք։

Իրեք աղպրտինքը ուղտը մորթեցին, քերթեցին. միսը ղավուրմա արին, լցրին աքաշները, տարան թաքուն տեղ պահեցին, որ չգտնեն՝ բալի ման ին գալի, թե չէ նրանք տնով, տեղով Սիբիրական ին։ Եննա ամեն մարդ գնաց իրա բանին։

Թագավորը իրա նոքարներին ղրկեց, որ էթան կորած ուղտին ման գան։ Նոքարները շատ դե՛ս ընկան, դե՛ն ընկան՝ չգտան։ Վերջը էկան, որ էս գիժ կնկա տղեքանցը հարցնեն։ Աղաք ռըշպար աղպոր կուշտը գնացին, որ հանդումը վար ու ցանք էր անում։