Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Որ էթում ես,— ասեց,— ի՛նչ կըլնի իմ դհիցն էլ գանգատ անես։ Մի եքա գյուլլի բաղ ունեմ,— ասեց,— որ ասսու ինչ բար ու նուբար ասես միջին կա, համա որ գարունքը գալիս ա, ծառերը ծաղկում են, բար բռնում, դեռ չհասած բարը վեր ա տալի: Ասսուն մի հարցրա՛, տես սրա ճարն ի՞նչ պտի ըլնի։

— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— քու գանգատն էլ տեղ կհասցնեմ։

Ասեց, տվեց անցկացավ: Գնաց, գնաց, գնաց՝ մի օր, էրկու օր, իրեք օր դուս էկավ մի ուրիշ թագավորի երկիր: Էդ երկրի թագավորը սրա գալը որ իմացավ, կանչեց իրա կուշտը:

— Ի՞նչ մարդ ես,— հարցրեց թագավորը,— էդ ո՞ւր ես էթում։

— Ֆլա՛ն թագավորի տղեն եմ,— ասեց,— Էթում եմ ասսու կուշտը գանգատ:

— Որ էթում ես,— ասեց,— ի՛նչ կըլնի իմ գանգատն էլ տեղ հասցնես: Ես,— ասեց,— էսքամ տարի ա թագավորություն եմ անում, ի՛նչ անում եմ, չեմ անում, ի՛նչ պատիճ ասես տալիս եմ, չեմ կարում ընենց անի, որ իմ երկրումը գողություն, մարդասպանություն չպատահի։ Ասսուն իմ դհիցը գանգատ արա՛, տես ի՛մ ճարն ինչ պտի ըլնի, ո՞նց անեմ, որ կարենամ էս խալխի հախիցը գա:

— Ջո՛ւխտ աչքիս վրեն, թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— քու գանգատն էլ տեղ կհասցնեմ:

Ասեց, տվեց անցկացավ։ Գնաց, գնաց, գնաց՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, գշեր գնաց, ցերեկ գնաց, լիս գնաց, մութ գնաց՝ հասավ աշխարքի վերջը. էն ա էթա պտի ծովն ընկներ, աստոծ իրա հրեշտակը ղրկեց, որ էթա նրան ճամփից եդ դարձնի, հարցնի, տենա նրա գանգատն ի՞նչ ա։ Հրեշտակը գնաց թագավորի տղի աղաքը կտրեց:

— Ի՞նչ մարդ ես, էդ ո՞ւր ես էթում,— հարցրեց հրեշտակը։

— Ֆլա՛ն թագավորի տղեն եմ,— ասեց,— էթում եմ ասսու կուշտը գանգատ: Աղպորտանցիցս բաժանվեցի,— ասեց,— նրանք իրանց փայն առան, գնացին տուն ու տեղ դառան, հարստացան. ես ի՛նչ ունեի, չունեի՝ կերա, փչացրի, վերջը միտք արի գամ ասսու կուշտը գանգատ, տենամ ի՞նչ մեղքի տեր ի, որ ինձ էս օրը քցեց: