Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավաքվեցին, գնացին թագավորի կուշտը, ասեցին, թե․— Մի մարդ ա էկե, մեր սաղ քաղաքի առըտուրը փակել ա։

Թագավորը ասեց էդ մարդկանցը, թե.— Էդ մարդը զոռով հո չի՞ տանում։

Ասեցին.— Չէ՚, ժողովուրդը իրանք են էթում:

Թագավորն ասեց.— Ես իրավունք չունեմ էդ բանի վրա խոսալու, ապրանքն ինչ գնով որ առնում ա, մի շահի պակասով ծախում ա, ես էլ ըլնեմ՝ կէթամ։

Ըդոնք թողացին գնացին։ Էդ վաճառականի անունը հրատարակվեց երկրի մեջ։ Օրվա մի օրը թագավորը մարդ ղրկեց էդ ղարիբ առըտուրականին կանչեց իրա տունը հացի։ Էդ մարդը վե կացավ գնաց։

Էդ տղեն որ դռնից մտավ՝ թագավորի խելքը գլխիցը թռավ.— Հե՜յ վա՜խ,— ասեց,— ըսենց էլ տղա կըլնի աշխարքի էրեսին, քաշկա[1] սա իմ աղջիկն ուզեր, տայի սրան։

Նստեցին, հաց կերան, խմեցին, վերջը թագավորն ասեց էդ տղին.— Ա՛յ տղա,— ասեց,— ես քեզ շատ եմ սիրում, արի՛, ես եմ՝ մի աղջիկ, տամ քեզ, իմ թագավորությունն էլ տամ քեզ, կաց ըստեղ։

Տղեն ասեց.— Թագա՛վոր, ինձ վրա ես ծիծաղո՞ւմ։

Թագավորն ասեց.— Դրուստ եմ ասում, տալիս եմ։

Տղեն վե կալավ ասեց.— Որ դրուստ ես ասում, յավաշ էթամ իմ հոր միտքն էլ իմանամ, էգուց քեզ պատասխան կտամ։

Տղեն գնաց հոր կուշտը, ասեց թագավորի ասածները, հերն ասեց.— Ա՛յ որդի, մեզ վրա ա ծիծաղացե։

Տղեն ասեց.— Չէ՛, խոսք ա տվե։

Հերն ասեց.— Ո՛ր խոսք ա տվե՝ դե գնա ա՛ռ։

Էգսի օրը տղեն գնաց թագավորի մոտ, գլուխ տվեց, կաննեց:

Թագավորն ասեց.— Ա՛րի նստի, տենամ հերդ ի՞նչ ասեց։

Գնաց նստեց թագավորի կշտին, ասեց.— Հերս հոժար ա։

— Որ ըդենց ա,— ասեց թագավորը, տերտերներ կանչեք, նշան դնենք։

Ղրկեցին տղի հորը կանչեցին. տղեն ասեց.— Ես քու աղջիկդ

  1. Երանի թե (Ծ. Բ.):